Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Էլբակյան. «Ով չի դիմանա՝ կմաղվի» (Տեսանյութ)

Օգոստոս 30,2017 13:52

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում ներկայացրեց իր հրամանով տնօրեն նշանակված Վարդան Մկրտչյանին: Վերջինս երկար տարիներ ղեկավարել է Համազգային թատրոնը, արդեն մեկ ամսից ավելի Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի պաշտոնակատարն էր:

Թատրոնի նախկին տնօրեն Ստեփան Դավթյանին կոլեկտիվը ծափերով ճանապարհեց, նախարարն էլ հետագա համագործակցության հույս հայտնեց: Իսկ նոր տնօրեն Վարդան Մկրտչյանին խոստացավ նախարարության կողմից աջակցություն: Ի դեպ, Վարդան Մկրտչյանի առաջին ցանկությունն այսօր արդեն կատարվեց՝ նա նստեց երկու Արմենների՝ նախարար Արմեն Ամիրյանի եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի մեջտեղում, որպեսզի երազանք պահի: Երազանքն էլ, ասաց, թատրոնի մասին է: Այս ընթացքում Վարդան Մկրտչյանին շնորհավորելով շատերն են ասել «բարով վայելեք»: Ինքը դա չի հասկանում: Իր համար պաշտոնը ոչ թե վայելում է, այլ պատասխանատվություն եւ բեռ: Համեստություն չի անում, ասում է՝ «գուցե հաճելի բեռ է»: Բայց հայտարարեց, որ տղամարդավարի է մտնում այդ բեռի տակ եւ պատասխանատվություն է վերցնում Մայր թատրոնի երեկվա, այսօրվա, բնականաբար՝ նաեւ վաղվա համար:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ արդեն ճշտել են անելիքները: Վարդան Մկրտչյանը կիսում է Արմեն Էլբակյանի մոտեցումները, միայն հավելում է, որ ուժեղացնելու են հասարակայնության հետ կապերի ոլորտը, ակտիվացնելու են Մայր թատրոնի այլ հարթակները եւս, նոր տեխնոլոգիաներով էլ են աշխատելու՝ ֆեյսբուքյան էջ, համացանցային ակտիվություն եւ այլն: Ու ամենակարեւորը՝ այլեւս յուրաքանչյուր ներկայացումից 10% գումար են փոխանցելու բանակին: «Մենք չենք խոստանում ակնթարթային մեծ հաջողություններ, բայց տարեցտարի ունենալու ենք բոլորովին այլ որակի Մայր թատրոն: Հանդիսատեսը դա կզգա: Ունենք մեծ հնարավորություններ, չօգտագործված պոտենցիալ: Իմ երազանքն այս թատրոնի նախկին փառքը վերականգնելը չէ. ես ուտոպիստ չեմ, բայց իմ նպատակն է, որ Մայր թատրոնը դառնա մեր երկրի թատերական կյանքի իսկական կամերտոն»,- ասաց Վարդան Մկրտչյանը:

Հարց հնչեց՝ ինչո՞ւ է որոշել այս թատրոնը ղեկավարել: Վարդան Մկրտչյանն ասաց, որ 8 տարի աշխատել է Համազգային թատրոնում եւ եթե Համազգայինում ցանկանան, ինքը դեմ չէ շարունակել համագործակցությունը, միաժամանակ հասունացել էր պահը առավել մեծ ասպարեզում գործելու համար: Նախարար Արմեն Ամիրյանն էլ վերոնշյալ հարցին ի պատասխան հավելեց. «Ցանկացած զինվոր պետք է երազի գեներալ դառնալ»: Ի դեպ, Շեքսպիրի «Համլետը», որը Համազգայինում բեմադրվեց Վարդան Մկրտչյանի ջանքերով նաեւ, եկող տարի կվերականգնվի: Արմեն Ամիրյանն էլ ասաց, որ Վարդան Մկրտչյանն իր դերակատարմամբ հանդես կգա:

Շոշափվեց նաեւ Համազգային թատրոնի շենքի հարցը: Վարդան Մկրտչյանը շատ է ջանացել, որ թատրոնն իր շենքն ունենա: Նրա ջանքերն ապարդյուն չեն անցել. Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ Համազգային թատրոնի ներկայիս զբաղեցրած տարածքը կմնա Կինոյի եւ թատրոնի ինստիտուտին, փոխարենը ինստիտուտի հարեւանությամբ գտնվող շենքը կտրամադրվի թատրոնին: Այն հիմա վերանորոգվում է: Համազգային թատրոնում, ի դեպ, հիմա ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Մրցույթ կլինի եւ կորոշվի, թե ով է ղեկավարելու Համազգային թատրոնը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպես է Վարդան Մկրտչյանն աշխատելու Մայր թատրոնի՝ անհատականություններով եւ ներքին ինտրիգներով հարուստ կոլեկտիվի հետ:  Վարդան Մկրտչյանն ասաց՝ փոփոխություններ լինելու են ու կոլեկտիվը պատրաստ է դրան: Արմեն Էլբակյանն էլ հավելեց՝ տարբեր ռեժիսորներ պետք է բեմադրություններ դնեն եւ մեկ դերասանը չպետք է բոլոր դերերը խաղա: Ներքին բարդ փոխհարաբերությունների մասին էլ ասաց, որ միայն թատրոնում չէ այդպես, կյանքն է այդպիսին, թատրոնն էլ կյանքի փոքրիկ արտացոլումն է: «Սա աշխատանք է, մարդիկ այս ամենին պիտի վերաբերվեն իբրեւ աշխատանքի ու ամեն ինչ կստացվի, ոչ թե իրենց կուռքի վերածեն»,- ասաց Արմեն Էլբակյանը, հավելելով, որ իրենք գնալու են իրենց ընտրած ճանապարհով՝ ով կդիմանա կդիմանա, ով չի դիմանա՝ կմաղվի: Ի դեպ, ռեժիսորներ եւ բեմադրիչներ են հրավիրվելու նաեւ արտասահմանից:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031