Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ աղբահանության խնդրին: Հարցին՝ քաղաքացիները դժգոհում են, որ աղբահանությունը 10-15 օր ձգձգվում է, սա ձեզ չի՞ մտահոգում՝ Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ամառվա այս շոգ օրերին որտե՞ղ չի լինում, աշխարհի բոլոր զարգացած քաղաքներում նման խնդիրներ առաջանում են, իսկ ինչ մնում է «Սանիտեքի» աշխատանքներին, շինարարական աղբ են բերել եւ փչացրել մեքենա մեխանիզմները: Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ երբ աղբամանները տեղադրվում են, դա կենցաղային աղբի համար է, շինարարական աղբի համար չէ: Այդ դեպքերում էլ մեքենաները փչանում են, բայց պետք չի մտահոգվել, «Սանիտեք» ընկերությունն իր մեքենաներն ամբողջությամբ վերանորոգել է եւ աղբահանությունը շարունակում է իրականացնել: Շոգ օրերին, բնականաբար, թե՛ հոտի առումով, թե՛ խնդիրներ կլինեն, բայց մենք ընկերության առջեւ խնդիր ենք դրել շատ կարճ ժամանակահատվածում այդ հարցը կարգավորել»:
Լրագրողները նաեւ փոխանցեցին Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի բարձրացրած հարցը, որ հանրակրթության վարչության պետի ընտրության կարգն ի սկզբանե խախտված է եղել: Նաեւ հիշեցրեցին Տարոն Մարգարյանին, որ հանրակրթության վարչության նոր պետը՝ Աննա Ստեփանյանը եղել է կեղծ դիտորդ, ինչի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել: Քաղաքապետը պատասխանեց. «Ընտրության կարգը սահմանված է, մրցույթ է հայտարարվել, քանի որ համայնքային ծառայող է, նա հայտ է ներկայացրել: Իսկ ինչ մնում է՝ տիկին Ստեփանյանը ժամանակավոր պաշտոնակատար է, ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման կարգի խախտում չկա, տիկին Բախշյանը թող չանհանգստանա, վերցնի, շատ լավ ուսումնասիրի եւ նման հայտարարություններով հանդես չգա»:
Մենք հարցրեցինք՝ երթուղայինների խնդրի կարգավորման հետ կապված դուք նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստումներ եք տվել, այս ամիսների ընթացքում ի՞նչ խնդիրներ են լուծվել, ի՞նչ քայլեր եք արել՝ Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Մենք խոստացել ենք քաղաքային տրանսպորտի խնդիրը հիմնովին լուծել: Վերջին ժամանակներում կտեսնեք աշխատանքները: Հիմա խորհրդատուն արդեն մշակել է եւ պետք է ներկայացնի աշխատանքային խմբին արդյունքները, շատ կարճ ժամանակ հետո դուք այդ պրոցեսին մասնակից կդառնաք եւ ձեր կարծիքը հաշվի կառնենք: Մենք գնում ենք քաղաքային տրանսպորտի բարեփոխումների հիմնական փոփոխման: Հիմա խորհրդատու ենք վարձել, մենք էլ պետք է մասնակից լինենք: Խորհրդատուն արդեն ամփոփում է իր աշխատանքները: Երբ ընդհանուր համաձայնության կգանք, կսկսենք բարեփոխումները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ