Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանափոխել, ինչի՞ եք վռազում». Տարոն Մարգարյան (Տեսանյութ)

Օգոստոս 30,2017 12:58

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում իր տեսակետը ներկայացրեց «Ելքի»՝ փողոցներն անվանակոչելու առաջարկի մասին:

Նա ասաց, որ երկու օր առաջ է այդ առաջարկը ստացել եւ քննարկումներ են պետք. «Պետք է նաեւ հանրային կարծիքներ լինեն, պետք է նաեւ գիտական կարծիքներ լինեն, որովհետեւ այդ առաջարկների մեջ որոշ խնդիրներ ենք տեսնում այն առումով, որ նախկինում այդ փողոցները անվանափոխվել են, հետո նորից վերանվանվել են նույն անուններով: Դրա համար պետք է հանրային քննարկում լինի, հասարակության կարծիք լինի, մասնագետների հիմնավորումներ: Երբ որ այդ ամենը լինի, արդեն ՀՀԿ խմբակցությունն իր կարծիքը կհայտնի»:

Aravot.am-ի հարցին՝ սկզբունքորեն դեմ չե՞ք, որ նախկին կոմունիստների, բոլշեւիկների անուններից, նրանց ազդեցությունից ազատվենք՝ քաղաքապետը պատասխանեց. «Մեր պատմությունից պետք է չհրաժարվենք: Այն անունները, որ նշում է «Ելք» խմբակցությունը՝ մեր ազգային հերոսների անունները, բնականաբար, մենք կողմնակից ենք, որ մեր ազգային հերոսների անունով փողոցներ անվանակոչվեն, բայց օրենսդրությունը պետք է ուսումնասիրենք հետեւյալ առումով, թե որ փողոցները կարող ենք անվանակոչել եւ երբ կարող ենք անվանակոչել եւ անպայման պետք է հարցնենք երեւանցիների կարծիքը»:

Հարցին՝ Ֆրունզեն կամ Լենինգրադյան փողոցներն ի՞նչ առնչություն ունեն հայոց պատմության հետ՝ Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Նույն Լենինգրադյան փողոցը, այսօր մենք Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցում ենք, քույր քաղաքներ ենք, մենք չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանափոխենք»: Լրագրողները ճշտեցին՝ չեք ուզում փոխել միայն այն հանգամանքի համար, որ քույր քաղաքնե՞ր ենք՝ քաղաքապետը պատասխանեց. «Ոչ միայն դա, նաեւ պատմությունը, նաեւ այնտեղի բնակիչների կարծիքը կա»:

Մեր հարցին՝ Լենինգրադ քաղաքը անվանափոխվել է, հնարավո՞ր է Սանկտ Պետերբուրգյան փողոց դառնա՝ քաղաքապետը պատասխանեց, որ բնակիչները սովորել են Լենինգրադյան անունին. «Մենք հարմար չենք գտնում այդ փողոցը վերանվանել»:

Ընդհանուր առմամբ՝ Տարոն Մարգարյանի պատասխանը «Ելքին» հետեւյալն էր. «Մենք այդ առումով չենք վռազում»:

Ի պատասխան մեր հարցի, թե Երեւանում ինչո՞ւ է մինչ օրս պահպանվում ռեցիդիվիստ Կատովսկու անվան փողոցը, ի՞նչ է դա մեզ տալիս՝ քաղաքապետը պատասխանեց. «Ինչի՞ եք վռազում, թողեք մի քիչ էլ ձեր երեխեքն իմանան: Իսկ ձեր ծնողները խորհրդային տարիների՞ն չեն մեծացել, դաստիարակվել, կրթվել»:

Տարոն Մարգարյանն ասաց, որ երբ կունենանք շատ փողոցներ, նոր փողոցներ, անպայման մեր մեծերի, հերոսների անուններով այդ փողոցները կկոչեն:

Ավելի ուշ քաղաքապետը հրապարակեց իր անձնական կարծիքը փողոցներն անվանափոխելու վերաբերյալ. «Անվանափոխություն մենք չենք պատրաստվում գոնե այս պահին, մենք վռազելու ոչ մի պատճառ չունենք, մեր հետեւից ոչ մեկը չի ընկել, որ վռազում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031