Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում եմ հրապարակումների հիման վրա քրգործ հարուցել բացահայտելու համար հնարավոր պետական դավաճանության եւ ՀՀ տարածքային ամբողջականության խախտելու փաստը. Կարեն Հեքիմյան

Օգոստոս 30,2017 11:27

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Վերջերս հայաստանյան մամուլում հաճախ անդրադարձ է կատարվում՝ Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող, Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի իրավական կարգավիճակի փոփոխությանը: Մասնավորապես, aravot.am կայքում 17.06.2014թ տեղադրված է Արտավազդ Մոսինեանի հոդվածը, որտեղ հոդվածագիրը նշում է, որ Սմբատ Այվազյանի թաղման արարողության ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ «Արծվաշենը մենք ոչ թե կորցրել, այլ փոխանակել, «բարտեր» ենք արել ՀԽՍՀ-ի տարածքում գտնվող ադրբեջանական կղզյակների հետ՝ Արարատի շրջանում գտնվող Քյարքիի՝ (Տիգրանաշեն), Իջեւանի շրջանի Բարխուդարլիի՝ եւ Նոյեմբերյանի շրջանում գտնվող Վերին Ոսկեպարի (ադրբեջաներեն՝ Յուխարի Ասքիփարա) հետ եւ այդ «գործարքից» դեռ մի բան էլ շահած ենք դուրս եկել:»:

27.08.2017թ aniarc.am կայքում ներկայացված է լրագրող Թաթուլ Հակոբյանի զրույցը 1990-95թթ Գերագույն խորհրդի պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գնդապետ Գևորգ Բաղդասարյանի հետ, որտեղ Բաղդասարյանը նշում է, որ «Արծվաշենում տեղի ունեցածը գործարք էր, տարածքների փոխանակում»:

Նման հրապարակումներ էլի կան եւ անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն եմ հայտնում դրանց հղումները եւս Ձեզ տրամադրել:

Փաստորեն, ըստ հրապարակումների, առանց Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության կարծիքը հարցնելու՝ հանրաքվեի եւ, ամենայն հավանականությամբ, առանց որեւէ հրապարակային իրավական ակտի տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող՝ Արծվաշեն համայնքի հանձնումը (փոխանակումը) այլ պետությանը: Եվ այս առումով, պարզ չէ թե ե՞րբ, ո՞վ կամ ովքե՞ր, ո՞ւմ անունից, ինչոււ եւ վերջապես ո՞ւմ հետ են իրականացրել հրապարակումներում նշված գործարքը:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գտնում է, որ եթե հիշատակված հրապարակումներում ներկայացվածն իրողություն է եւ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների հանձնում (փոխանակում) գործարքի միջոցով, ապա լրատվամիջոցներում առկա են պետական դավաճանության մասին հաղորդումներ:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1 կետի. «Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի. «Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հաշվի առնելով այն, որ խնդիրն ունի հասարակական հնչեղություն եւ հետաքրքրություն եւ առկա է այնպիսի արարք, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքի 299 եւ 300.1 հոդվածներով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները առաջարկում եմ մամուլի հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցել բացահայտելու համար հնարավոր պետական դավաճանության եւ ՀՀ տարածքային ամբողջականության խախտելու փաստը:

 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031