Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Խամաճիկների պետական թատրոնի ֆինանսական եկամուտն աճել է, բայց 2017-ի առաջին կիսամյակի համար նախատեսված պլանը թերակատարվել է:
Թատրոնում այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, հանդիսատեսին փորձելու են ներկայանալ նորովի՝ վերանորոգված, անգամ փոքր-ինչ ընդլայնված դահլիճով, բարեկարգված բակով, որտեղ հետագայում կփորձեն կյանքի կոչել ամառային դահլիճի գաղափարը:
Գլխավոր ռեժիսոր Աննա Էլբակյանն այս պահին լրջորեն մտահոգ է, թե ինչպես են նշանավորելու Խամաճիկների թատրոնի 30-ամյա հոբելյանը: Երաժշտական արտասովոր մի երեկո նախաձեռնելու մտադրություն կա, որում հերոսները տիկնիկներն են լինելու: Գաղափարին նախարար Ամիրյանը հավելեց իրենը՝ տիկնիկները կլինեն սահադաշտում:
Կոմիտասի անվան լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանին, որը ներկայացել էր գերակատարված կիսամյակային պլանով Արմեն Ամիրյանը հրաժեշտ տվեց այսպիսի խոսքով.
«Շարունակե՛ք մեր պատիվը բարձր պահել Հայաստանում և արտասահմանում: Այնպես արեք, որ Կոմիտասի անվան քառյակը վերարժևորվի մեր հանրության շրջանում»:
Կոմիտասի անվան լարային քառյակն առաջիկայում կդառնա Կոմիտասին նվիրված եվրոպական առաջին փառատոնի հիմնադիրը. սա աննախադեպ է մեր երկրի համար: Գերմանիայում անցկացվելիք փառատոնի շուրջ պայմանագիրը կվավերացվի մոտ օրերս:
Հանդիպմանը նախարարը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Լարային քառյակը նախապատրաստվում Կոմիտասի 150-ամյակին: Հանձնարարեց պատրաստել նաև համերգային մեծ ծրագիր, որի խորագիրը կլինի «Փնտրելով Կոմիտասին» կամ «Կոմիտասի անցած ճանապարհով»: Ըստ այդ ծրագրի, Լարային քառյակը համերգներով հանդես կգա ու կանցնի Կոմիտասի կյանքի ճանապարհով ՝ ծննդավայր Քյոթահիայից մինչև Երևան:
«Վատ չեք աշխատում, հրաշալի կոլեկտիվ ունեք, բայց պետք է վերանայեք մոտեցումները: Պետք է ստեղծեք միջավայր, որում հանդիսատեսը նաև ընդմիջմանը հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենա: Ներկայացումը պետք է շարունակվի նաև դահլիճից դուրս: Պետք է օգտագործեք բոլոր միջոցները, որպեսզի հնարավորինս շատ մարդ հաղորդակից դառնա մշակութային այն արժեքին, որը ստեղծում եք»,-«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի» կիսամյակային հաշվետվությանը ծանոթանալուց հետո ասաց Արմեն Ամիրյանը:
Նախարարը նկատեց, որ տնտեսության արդյունավետ կառա վարման հիմքը ճիշտ պլանավորումն է, որը պետք է կիրառել նաև թատրոնում:
«Այո՛, թատրոնն արվեստ է, հոգևոր արժեք, բայց նաև տնտեսություն է, որում հստակություն է պետք, օրինակ, պլանավորված խաղացանկ, ներկայացումների հստակ ժամանակացույց, գովազդ, հանրայնացման միջոցառումներ և այլն»:
Համազգայինի ներկայացուցիչները խոսեցին թատրոնի դահլիճը Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի հետ «կիսելու» չարչրկված խնդրի ու դրանով պայմանավորված՝ պլանավորման դժվարությունների մասին:
«Մինչև սեփական տանիք ունենալն այս խնդիրը լինելու է»,-ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը, իսկ նախարարը հակադարձեց.
«Մինչև նոր շենք ունենալը, առջևում տարվա երկրորդ կիսամյակն է, որը պետք է փակեք ավելի լավ ցուցանիշներով»:
Համազգայինի լավ ցուցանիշներն ապահովելու նպատակով Չալդրանյանն արդեն երկու նոր բեմադրություն է պատրաստում՝ «Սանտա Քրուզ» (Մաքս Ֆրիշ) և «Դատավարություն» (Ֆրանս Կաֆկա, Գուրգեն Խանջյան):
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կիսամյակային հաշվետվությանը հնչած մտահոգություններն առնչվում էին ոչ այնքան թվային ցուցանիշներին, որքան մեզանում տիրող մշակութային մթնոլորտին ( նվագախմբի ցուցանիշները բարձր են):
«Այսօր շատ են խոսում այն մասին, որ երիտասարդները հետաքրքրված են դասական երաժշտությամբ, բայց իրականում այդպես չէ: Շատ հաճախ հրավիրատոմս ենք բաժանում ու մտածում՝ կգա՞ն, թե ոչ … Մեր հանդիսատեսին պետք է ինչ-որ ձևով կրթել, պատրաստել: Չգիտեմ՝ ի՞նչ կարելի է անել, որպեսզի Երևանում վերջապես ձևավորվի «մայրաքաղաքային մշակույթ» ասվածը»,-իր մտահոգությունները փոխանցեց մաեստրո Էդուարդ Թոփչյանը:
Դասական արվեստի ու մասնավորապես Ֆիլհարմոնիկ նվագախմբի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով նախարարն առաջարկեց աշխատել թիրախավորված: Նրա համոզմամբ, թիրախում պետք է պահել զբոսաշրջության ոլորտը: Հայաստան ժամանած զբոսաշրջիկը Ֆիլհարմոնիկի մատուցած արվեստին հաղորդակցվելու հնարավորություն պետք է ունենա, իսկ դրան «չէր խանգարի» ակտիվ գովազդը:
Նվագախմբի հիմնական թիրախն, իհարկե, ներքին լսարանն է, որի հետաքրքրությունն, ըստ Ամիրյանի, հնարավոր է բարձրացնել թեմատիկ համերգների միջոցով:
Օրվա հաշվետվությունների ցանկն ամփոփեց «Չարենցի տուն-թանգարանը»՝ «վերահանձնելով քննությունը»:
Ալիսա Գևորգյան
ՀՀ մշակույթի նախարարություն