Հայ ժողովրդի երեւելիներից մեկի՝ Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է Սյունիքի մարզի Խուստուփ լեռան գագաթին՝ 3100 մետր բարձրության վրա:
Այդ տարածքում ազատամարտիկ, ալպինիստ Վլադիմիր Բադալյանն իր միջոցներով տարիներ շարունակ կատարել է վերականգնման եւ բարեկարգման աշխատանքներ, քանի որ, ըստ նրա, կիսանդրին գտնվում էր անմխիթար վիճակում:
Օրեր առաջ նա կիսանդրին (կիսանդրու հեղինակը Գեւորգ Գեւորգյանն է-Ռ.Մ.) հայտնաբերել էր լուսանկարում պատկերված վիճակում:
Ոտնձգության տարածքում հայտնաբերված փամփուշտները Վ. Բադալյանի մոտ են, եւ իրավապահ մարմինները կատարվածը պարզելու, գնահատելու համար կարող են որոշել զինատեսակն ու այն կրողին կամ կրողներին:
Զորավարի կիսանդրին «հանգիստ» չի տալիս շատերին, եւ սա անպատժելիների կողմից հերթական ոտնձգությունն էր:
Ի դեպ, լուսանկարները տրամադրվել են մշակույթի եւ պաշտպանության նախարարներին:
Տեղեկացանք, որ Վլադիմիր Բադալյանը դեռեւս անցյալ տարի մարտի 17-ին դիմել էր մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին. «Հաշվի առնելով մի քանի մասնագետների կարծիքները, խնդրում եմ կիսանդրին ճանաչել նորահայտ հուշարձան, ընդգրկելով պետության կողմից հաստատված պատմական հուշարձանների ցուցակում: Հարցին դրական լուծում տալուց հետո ես պարտավորվում եմ ստանձնել հետագա բարելավման աշխատանքները»:
Մշակույթի նախարարի տեղակալի ապրիլին ուղարկված պատասխանի համաձայն, նամակը ստանալուց յոթ օր հետո հարցը քննարկվել է նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից:
«Հաշվի առնելով, որ կիսանդրին, որպես արվեստի ստեղծագործություն, իր գեղարվեստական արժանիքներով հանձնաժողովի անդամների կողմից չի գնահատվել որպես պատմամշակութային արժեք, իսկ պատմական առումով Խուստուփ լեռան վրա արդեն իսկ առկա է Նժդեհին նվիրված հուշարձան, այն չի ընդգրկվել նորահայտ հուշարձանների ցուցակում»,-տեղեկացրել էր նախարարի տեղակալը:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
30.08.2017