«Նաիրիտ» գործարանում բռնկված մեծ հրդեհը, դրա մեկուսացման ողջ գործընթացը, ապա պատճառների բացահայտումը, վնասի չափը, օդի մեջ արտանետվող ծխաքուլայի բաղադրությունը, վտանգավորության աստիճանը, հաջորդիվ նոր հրդեհավտանգ իրավիճակների հավանականությունը. ահա, սրանք հույժ կարեւոր հարցեր են, որոնց պատասխանները չպետք է ուշանան։ Ինչպես գիտենք, առավելապես վերջին շրջանում «Նաիրիտը» հայտնվել է կոլապսի մեջ, տարիներ ի վեր գործարանի աշխատակիցները չեն վարձատրվել, հինգշաբթի օրերին բողոքի ցույցեր են կազմակերպել, հայտարարել, թե գործարանի գույքը թալանվել է՝ մտահոգություն եւ տագնապ հայտնելով, որ ղեկավար մարմինները «Նաիրիտին» միտումնավոր տանում են դեպի սնանկացում, իսկ աուդիտ անցկացնելու առաջարկներն ու պահանջներն առժամանակ անտեսվում են։
«Նաիրիտի» «ներքին պայթյունավտանգ հրդեհը», ասենք՝ աղետը, փաստացի միշտ էլ առկա է եղել՝ սպասելով իր ընդլայնման եւ զարգացման նոր հնարավորություններին։ Շուտով, եթե այս դեպքով քրեական գործ հարուցվի, նախաքննությունից հետո համապատասխան մարմինները պայթյունի եւ բռնկված մեծ հրդեհի պատճառները «բացահայտելով»՝ պարզաբանումներ կտան հանրույթին, եւ գուցե կառավարությունն էլ իր հերթին որոշի այսքանից հետո աուդիտ անցկացնել՝ վերջապես ամբողջովին սնանկ ճանաչելով բազմաչարչար գործարանը:
Արամ ՊԱՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում