Հարվի ծովամրրիկն ԱՄՆ-ի Թեքսաս նահանգին հասցրել է ահռելի մեծ վնասներ՝ ջրհեղեղի հետևանքով արդեն իսկ 10 մարդ է զոհվել, Հյուսթոն քաղաքը սուզվել է մոտ 1 մետր ջրի տակ: Հյուսթոնում իրավիճակի և այնտեղ բնակվող մոտ 3000 հայերի կացության մասին հեռախոսազրույցում մեզ պատմեց Հյուսթոնի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Արեգ Սահակյանը:
Կարո՞ղ եք ասել խնդրում եմ, այժմ որտեղ եք և ինչ վիճակում է գտնվում Հյուսթոն քաղաքը:
«Հիմա Հյուսթոնի վիճակը շատ վատ է, ժողովրդի մեծ մասը անօթևան է մնացել աղետի պատճառով: Մեր տունն ամբողջովին ջրի մեջ է, տեղափոխվել ենք մեր ընկերոջ տուն արդեն երկու օր է: Կարծես բանտարկյալներ լինենք»:
Ի՞նք տեղեկություն են տեղական մարմինները ձեզ տրամադրել: Ե՞րբ կկարողանաք վերադառնալ տուն:
«Մեր ստացած վերջին տեղեկությունն այն է, որ եթե մեկ օրից անձրևը դադարի, պետք է սպասենք ևս երկու օր մինչև ջուրը նվազի: Սակայն տարածքներ կան, որտեղ ջրի բարձրությունը շատ մեծ է և ցամաքելու համար օրեր կպահանջվեն»:
Իսկ եկեղեցին ներգրավվա՞ծ է մարդկանց օգնություն ցուցաբերելու աշխատանքներում:
«Եկեղեցին միշտ պատրաստ է օգնել հայ համայնքին և թիկունք կանգնել նրանց: Այս պահին մեր ծխական խորհրդի անդամների մեծ մասի վիճակը անելանելի է: Վստահ չենք, թե ինչպես ենք օգնելու մեր ժողովրդին, սակայն գիտեմ, որ եկեղեցու հովիվը՝ Տեր Մարտիրոս Հակոբյանը աշխատում է հայ համայնքի անդամների հետ հեռախոսով կապ պահպանել: Փորձում ենք օգնել ինչքանով, որ կարող ենք, սակայն այս իրավիճակում շատ դժվար է այդ անելը»:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում