Փիլիսոփա եւ արվեստի տեսաբան Բորիս Գրոյսի կարծիքով՝ միայն առաջին հայացքից է թվում, որ Ֆեյսբուքը նպաստում է գաղափարների ազատ շրջանառությանը: Իրականում սոցիալական ցանցերը, ճիշտ հակառակը, սահմանափակում են շփումը որոշակի սկզբունքով ընտրված մարդկանց շրջանակով: Եվ իրոք, արդյոք դուք չե՞ք նկատել, որ ձեր գրառումներն ու հղումները գրեթե միշտ մեկնաբանում են նույն մարդիկ: Նրանց թիվը մի քանի տասնյակը չի անցնում, եւ նրանք սովորաբար որեւէ նոր, անսպասելի տեսակետ չեն արտահայտում: Կայքը մեկնաբանողների թիվն ավելի փոքր է՝ հիմնական «ակտիվը» 10 հոգուց ավելի չի, եւ դարձյալ նախօրոք հայտնի է, թե ինչ են նրանք գրելու:
Նույն «հատվածականությանն» են նպաստում որոնողական համակարգերը: Մենք այնտեղ բառեր ենք փնտրում, ոչ թե երեւույթների փոխկապակցվածությունը: Մեզ պետք է իմանալ ծառի մասին, մենք փնտրում ենք, ասենք, google-ում «ծառ» բառը, իսկ եթե պետք է կարդալ ձկան մասին, փնտրում ենք «ձուկ»-ը: Բայց թե ինչպես են իրար հետ կապված ծառն ու ձուկը՝ դրա պատասխանը google-ը չի տալիս: Գրոյսը հիշեցնում է, որ նման դարաշրջան մարդիկ արդեն անցել են՝ մարդիկ ոչ թե գրքեր էին գրում, այլ պարզապես բառարաններից ճշտում էին, թե ինչի համար է այս կամ այն բույսը կամ թանկարժեք քարը: Հետո սկսվեց Վերածնունդը, եւ մարդիկ կրկին վերադարձան ստեղծագործական աշխատանքի: Ըստ փիլիսոփայի՝ ներկայիս «պասիվ» դարաշրջանը կարող է մի քանի դար տեւել:
Բայց քանի որ ոչ մեկս չի կարող ապրել այդքան երկար, նրանք, ում Աստված տվել է ավելին տեսնել, քան ֆեյսբուքյան նորությունների ժապավենը, google-ը կամ wikipedia-ն, այդ մարդիկ պետք է մարդկանց եւ նրանց խմբերի, ինչպես նաեւ երեւույթների միջեւ փորձեն իրական կապեր ստեղծել: Ենթադրենք, Կրեմլի նկատմամբ ատելությամբ լցվածները եւ ԱՄՆ-ի մեջ աշխարհի փրկությունը տեսնողները ստեղծում են իրենց խումբը` պարտադիր չէ, որ այն անպայման ձեւակերպված լինի որպես «ֆեյսբուքյան խումբ». երբ նրանց քննարկման մեջ պատահաբար հայտնվում է որեւէ «պուտինիստ», այդ խմբի անդամները կազմակերպված հարձակում են գործում «ռուսուլմանի» եւ «ռաշիստի» վրա: Բայց «պուտինիստների» խմբում նույնն է. «ներսում» իրար «ջան» են ասում, «ջան» լսում եւ անեծքներ են հղում «լիբերաստների» եւ «գեյրոպացիների» հասցեին: Իսկ եթե նման մեկը պատահաբար հայտնվի մոտակայքում… դե, հասկանում եք: Նույնը՝ «Սասնա ծռերի» եւ ոստիկանության երկրպագուները: Նույնը՝ ՀՀԿ-ականները եւ նրանց հայհոյողները: Բոլոր այդ խմբերի մեջ կապ գտնելու դեղատոմսը շատ պարզ է՝ բոլորի մեջ տեսնել Մարդուն:
Համարեք դա «մեխին եւ նալին խփել»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մարդիկ լինում են երեք տեսակ՝ մի տեսակը, որոնք ելել են շալակն աշխարհի, մյուս տեսակը, որոնք աշխարհն են շալակած տանում շալակը ելած մարդու հետ միասին՝ սրանք մեջ կա մարդ, բայց Մարդ չկա եւ վերջապես իսկական Մարդ տեսակը, որի փռշտոցից էդ աշխարհի շալակիցը շալակից արտագաղթում է այլ աշխարհներ, իսկ էդ խեղճ ու կրակին սովորեցնում Մարդ դառնալու իր արվեստը: