Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մեկ բնակչին 1 տարում 18.4 տոննա թափոն է բաժին ընկնում

Օգոստոս 30,2017 14:00

Անցյալ տարի մեր հանրապետությունում առաջացել են 55 միլիոն 661.1 հազար տոննա թափոններ, որոնցից 48 միլիոն 850.4 հազար տոննան տեղափոխվել են թափոնակուտակիչներ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալներից:

Այս թվի 99 տոկոսը բաժին է ընկնում կազմակերպություններին: Ըստ նույն աղբյուրի՝ կազմակերպությունների տարածքում առաջացած թափոնների քանակը հանրապետության մեկ բնակչի հաշվով կազմել է 18.4 տ, հանրապետության տարածքի մեկ քառակուսի կմ-ի հաշվով` 1 937.8 տոննա:

Թափոններով ամենաշատն աչքի ընկնողը Գեղարքունիքի մարզն է: Այս մարզն անցյալ տարի 29 միլիոն 291 հազար 917.1 տոննա թափոն է արտանետել: Նրան հաջորդում է Սյունիքի մարզը, որի թափոնները կազմել են 25 միլիոն 686 հազար 423.3 տոննա: Ապա Լոռու մարզն է` 94 հազար 981.6 տոննա, Շիրակի մարզի թափոնները կազմել են 51 հազար 890.4 տոննա, Արմավիրում «արտադրվել» է 13 հազար 486.7 տոննա, Երեւանում էլ` 15 հազար 766.1 տոննա թափոն: Թափոններով ամենաաղքատը Տավուշի մարզն է` 353 հազար տոննա:

ԱՎԾ-ից նաեւ տեղեկանում ենք, որ անցյալ տարվա ընթացքում առաջացած արտադրական թափոնների 28,7 տոննան եղել է 1-ին դասի վտանգավորության, 20 տոննան` 2-րդ դասի, 3-րդ դասի վտանգավորության թափոններն էլ կազմել են 95 հազար 348.7 տոննա:

Նույն աղբյուրից նաեւ տեղեկանում ենք, թե անցյալ տարի քանի տոննա վնասակար նյութեր են արտանետվել մթնոլորտ: Այսպես` 2016-ի ընթացքում վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ կազմել են 276.7 հազար տոննա, որի 52.4%-ը բաժին է ընկել ավտոտրանսպորտին, 47.6%-ը` արտանետման անշարժ աղբյուրներին:

Այս ցուցանիշներում ամենաբարձր արտանետումները Արարատի մարզում են` 61 հազար 499 տոննա, հետո Լոռու մարզն է` 51 հազար 231.5 տոննա, Երեւանի արտանետումները կազմում են 20 հազար 864 տոննա, Կոտայքում` 28 հազար 295 տոննա, Տավուշում` 20 հազար 110 տոննա: Այս առումով ամենալավ վիճակում Վայոց ձորն է` 334.2 տոննա, Արագածոտնում արտանետումների քանակը փոքր-ինչ ավելին է` 545,7 տոննա:

Ի դեպ, տեղեկանում ենք, որ մթնոլորտ արտանետված նյութերից 24,9 տոննան եղել են ծանր մետաղներ` պղինձ, կապար, ցինկ, մոլիբդեն, արսենի անօրգանական միացություններ եւ այլն:

Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 144.9 հազար տոննա: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 105.5 հազար տոննա կամ ընդհանուր արտանետումների 72.8%-ը, ցնդող օրգանական միացությունները` 24.0 հազար տոննա կամ 16.6%, ազոտի օքսիդները` 14.8 հազար տոննա կամ 10.2%: Հանրապետության մեկ բնակչի հաշվով արտանետումները կազմել են 48.4 կգ:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

29.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031