Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդա 2-ի գործով» դատավճռում խոսք չի գնացել դատահետքաբանական փորձաքննության մասին

Օգոստոս 30,2017 13:30

«Բանդա 2-ի»՝ տարադրամի փոխանակման կետերի ու նրանց աշխատակիցների վրա ավազակային հարձակումներ կատարողների, աշխատակիցներից՝ Մկրտչյանին սպանելու գործով բերված վերաքննիչ բողոքի քննությանը չէր ներկայացել այդ գործով պարագլուխ համարվող Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Նրա պաշտպանյալը կողմ էր, որպեսզի նիստը չհետաձգվի ու առանց պաշտպանի շարունակվի բողոքի քննությունը: Այդպես էլ դատարանը վարվեց, պատճառաբանելով, որ կողմերը նախորդ դատական նիստին իրենց դիրքորոշումներն էին արտահայտել մեկ այլ պաշտպանի միջնորդության հետ կապված եւ դատարանը ըստ էության պարզաբանումներ էր ակնկալում Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանից:

Արմեն Ֆերոյանը միջնորդել էր, որպեսզի դատարանը լրացուցիչ դատահետքաբանական փորձաքննություն նշանակի: «Ի՞նչը պետք է պարզաբանվի,-հարցրեց նախագահող Ռ. Մխիթարյանը,-արդյոք, առաջին ատյանի դատարանում դուք նման հարց բարձրացրե՞լ եք»:

Ա. Ֆերոյանն ասաց, թե առաջին ատյանի դատարանում հետքաբանին հրավիրելու միջնորդություն է արել, ինչը մերժվել է, սակայն փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը չի կատարել:

Դատավորներ Մխիթարյանը, Չիչոյանն ու Արղամանյանը ոչ միայն իրենք բացեցին գործի նյութերը, դատավճիռը նայեցին, այլ տրամադրեցին Ա. Ֆերոյանին, ասելով, թե նման միջնորդություն կամ փորձաքննության եզրակացություն չկա դատավճռում:

Ա. Ֆերոյանն ասաց, թե միջնորդում է լրացուցիչ դատահետքաբանական փորձաքննություն անցկացնել, քանի որ հետքաբանն ասել է, որ փորձաքննության է ենթարկվել տուժողի հագուստը, կա հագուստի վրա հայտնաբերված արյան կարգը, պատկանելությունը՝ ում է պատկանել: Ա. Ֆերոյանն ասաց, թե իր հարցերից մեկին կարող է պատասխանել անգամ դատաձգաբանը, թե կարո՞ղ է փամփուշտը երրորդ օրգանին կպչի, սակայն արյուն չլինի:


Դատարանը, խորհրդակցական սենյակից դուրս գալով, մերժեց միջնորդությունը:
Հիշեցնենք, որ «Առավոտի» 2015թ. մարտի 25-ի դատական ռեպորտաժը լուսաբանելիս ներկայացրել էինք Ա. Ֆերոյանի հայտարարությունը:

«Հայկ Կոջոյանին առաջադրված մեղադրանքի ծավալում ներառված են նաեւ այն, որ իբրեւ ավազակային հարձակման ժամանակ Հայկ Կոջոյանը եւս գտնվել է տարադրամի փոխանակման կետում եւ Կարեն Վարդանյանի կողմից կատարված կրակոցը միջանցիկ ձեւով անցել է նրա բազկի միջով եւ կպել տուժողին: Գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից ակնհայտ դարձավ, որ Հայկ Կոջոյանի արյան գեթ մի կաթիլ առկա չի եղել ինչպես դեպքի վայրում, այնպես էլ տուժողի մարմնի եւ հագուստների վրա: Այս չափազանց կարեւոր հանգամանքն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Հայկ Կոջոյանը չի գտնվել դեպքի վայրում եւ այնտեղ հրազենային վնասվածք չի ստացել»,-ասել էր Ա. Ֆերոյանը: Պաշտպանը դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ տուժողի մարմնից հանված գնդակի վրա եւս Հայկ Կոջոյանի արյան հետքեր չեն հայտնաբերվել. «Անհնարին է անգամ պատկերացնել նաեւ այն, որ գնդակը կարող է միջանցիկ ձեւով անցնել անձի մարմնի միջով, սակայն չարյունոտվի, իսկ դեպքի վայրում եւ տուժողի մարմնի ու հագուստի վրա արյուն չթափվի»:

Միջնորդությունը մերժելուց հետո դատարանի համար խոչընդոտ էր առանց պաշտպանի նիստը շարունակելը:

Այն նշանակվեց սեպտեմբերի 25-ին:

Հիշեցնեմ, որ այս գործով բողոք չի բերել բանդայի անդամ Տիգրան Հովհաննիսյանը, որը դատապարտվել էր 12 ու կես տարվա ազատազրկման, իսկ բողոք բերածներից Հայկ Կոջոյանը՝ 16, Ռաֆայել Հարոյանը՝ 20, եւ Կարեն Վարդանյանը 24 տարվա ազատազրկման:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

«Առավոտ»

29.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031