Սոչիի հանդիպում, ճշգրտումներ եւ արձանագրումներ Վաշինգտոնից
Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին Սոչիում աշխատանքային այցի ընթացքում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` բանակցություններում քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր էին, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարի թեմաները, ինչպես նաեւ «միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցեր» եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
Պուտինը կարեւորել է այս տարի նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ օգոստոսի 29-ին` Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը. «Այս ժամանակահատվածում Հայաստանի եւ Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջեւ հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են: Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, ընթանում է երկկողմ համագործակցություն ե՛ւ տնտեսական, ե՛ւ անվտանգության, ե՛ւ ռազմական ոլորտներում: Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների եւ մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել եւ զրուցել այս բոլոր հարցերի շուրջ»:
«Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում արդյունավետ համագործակցությամբ, անվտանգության, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում արգասաբեր համագործակցությամբ: Մեր առեւտրատնտեսական հարաբերությունները ինտենսիվ կերպով զարգանում են: Անցած տարի մենք ունեցանք առեւտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում այն ավելացել է գրեթե 24 տոկոսով»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Մինչ Սերժ Սարգսյանը անկախության հռչակագրի ընդունման տարելիցի օրը Սոչիում հանդիպում էր ՌԴ նախագահին, նույն օրը ԵԱՀԿ Մինսկի խմբում արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում հրաժեշտի ելույթով ընդգծեց Մադրիդյան սկզբունքների` «օրակարգային» մնալու ճակատագիրը:
Բացի Մադրիդյան սկզբունքների վեց կետերը ընթերցելուց, որոնք միջնորդները բանակցությունների հիմք են համարում, առավել ուշագրավ էր Հոգլանդի անդրադարձը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցին ի պատասխան: Հնարավո՞ր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշեն «ջենտլմենական պայմանագիր» կնքել, որ խաղաղապահ ուժերը չեն լինելու համանախագահ որեւէ երկրից: Ո՞վ կարող է խաղաղապահ առաքելություն իրականացնել՝ հաշվի առնելով տարբեր երկրների բախվող շահերը, հարցրել էին ամերիկացի նախկին համանախագահին: «Տեղյակ եմ, որ անցյալում որոշ քննարկումներ այս հարցի շուրջ տեղի են ունեցել: Դուք օգտագործեցիք «ջենտլմենական պայմանագիր» եզրը, այդ սահմանումն օգտագործվել է նախկինում: Հենց այս պահին համանախագահներով մենք ակտիվորեն չենք քննարկում խաղաղապահ ուժերի կազմը: Այդ հարցը իրականում դեռեւս չի ծառացել այն ժամանակահատվածում, երբ ես աշխատել եմ իմ լավ գործընկերներ դեսպան Պոպովի եւ դեսպան Վիսքոնթիի հետ: ԵԱՀԿ-ում կա բաժին, որը կոչվում է Բարձրաստիճան պլանավորման խումբ, դա փոքր գրասենյակ է, սակայն այն պատրաստվում է այն օրվան, երբ կլինի համաձայնագիր, կլինի կարգավորում եւ խաղաղապահների կարիք կլինի: Որտեղի՞ց են գալու խաղաղապահները, այս հարցի շուրջ վերջին ժամանակներում քննարկում, անշուշտ, չի եղել, եւ, անշուշտ, որեւէ որոշում այս հարցի շուրջ այս պահին չկա: ՄԱԿ-ում իմ ընկերներից ես նաեւ տեղեկացել եմ, խոսքը քաղաքական բաժնի մասին է, որը ուշադիր հետեւում է այս հարցին, որ խաղաղապահների հարցում ՄԱԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե լինի համապատասխան դիմում: Այնպես որ, կարծում եմ, գոյություն ունեն բազմաթիվ հնարավորություններ, սակայն, անշուշտ, որոշումներ կայացված չեն»,- պարզաբանել էր Հոգլանդը:
Փաստացի պաշտոնական Վաշինգտոնն արձանագրեց, որ այս պահին համանախագահները խաղաղապահների տեղակայման հարց չեն բարձրացրել: Սա ամրագրում է այն առումով, որ ամեն անգամ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնացումը հերթական առիթ է դառնում, որպեսզի հրապարակ բերվի նաեւ խաղաղապահների տեղակայման հարցը:
Առհասարակ Սոչիում Սարգսյան-Պուտին հանդիպմանը զուգահեռ ակնհայտ դարձավ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս երկրի` ԱՄՆ-ի դիրքորոշումների հրապարակայնացումը` սկսած Հոգլանդի նշյալ կարեւոր արձանագրմամբ` «Լեռնային Ղարաբաղը փոքր-ինչ տարբերվում է մյուս երկարատեւ հակամարտություններից, ինչպիսիք են, օրինակ, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի հակամարտությունները»:
ԼՂ կարգավորման թեման այնուհետեւ շարունակեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` «Ազատություն» ռ/կ-ին տված ծավալուն հարցազրույցում, որը շեշտեց, որ Հոգլանդը խոսել է եւ վերահաստատել է տեւական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները, որը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը հիմք է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, այդ սկզբունքները բանակցությունների առարկա են, «մեկը մյուսից ավելի կարեւոր չէ, որեւէ նշան չկա, որ մեկը ավելի շուտ է կյանքի կոչվելու, քան մյուսը», այսինքն` «բոլորը մի փաթեթի մաս են»:
ԱՄՆ համանախագահի խոսքից կարելի է հասկանալ, որ Վաշինգտոնը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նյույորքյան առաջիկա հանդիպումից` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, որոշակի ակնկալիքներ ունի: «Շատ կարեւոր է, որ երկու կողմերը շարունակում են բռնությունների, հռետորաբանության նվազեցումը: Սա լավ մթնոլորտ է այդ հանդիպման համար, եւ երկու կողմն էլ կարող են գալ այդ հանդիպմանը ու կենտրոնանալ առաջընթացի վրա»,- ասել էր ԱՄՆ դեսպանը:
Հետաքրքրական են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության թեմայով դեսպան Միլսի գնահատականները` ապրիլյան պատերազմի համատեքստում: «Ապրիլին տեղի ունեցած ողբերգական բախումներից հետո մենք հանդիպումներ ունեցանք պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ՝ քննարկելու տեղի ունեցածից արված հետեւությունները: Դա վերաբերում էր, մասնավորապես, զինված ուժերի կառուցվածքին, հրամանատարությանը, ներքին հաղորդակցությանը, եւ քննարկեցինք մեր հնարավոր աջակցությունը՝ ելնելով ամերիկյան զինված ուժերի փորձից, երբ նրանք բախումներից, մարտական իրավիճակներից հետո զեկույցներ են պատրաստում եւ վերլուծում են ամեն կոնկրետ դեպքում արված հետեւությունները»:
Այնուհետեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնավորեցնում է, թե ինչ արձագանք են ստացել. «ՊՆ-ում մեծ հետաքրքրություն կար: Մենք արդեն նման ծրագիր ունեինք, բայց ապրիլից հետո այդ ծրագրի կարեւորությունն աճեց: ԱՄՆ-ի եվրոպական ուժերի հրամանատարը ապրիլյան դեպքերից հետո ժամանեց Հայաստան եւ ի թիվս այլ հարցերի նաեւ այս հարցն էր քննարկում այն ժամանակվա պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ, թե մենք ինչպես կարող ենք օգնել զինված ուժերին դասեր քաղել ապրիլին տեղի ունեցածից: Կուզենայի ձեր հեռուստադիտողների համար մի բան պարզաբանել՝ հայկական զինված ուժերին մեր կողմից տրամադրվող աջակցությունը հիմնվում է մեկ սկզբունքի վրա՝ մենք ցանկանում ենք օգնել, որպեսզի զինված ուժերը կարողանան ապահովել հայ ժողովրդի, հայոց պետականության անվտանգությունը: Մենք նաեւ օգնության այլ ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի զարգացնենք հայկական զինված ուժերի պաշտպանունակությունը: Մեր դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հարձակողական զենքերի վաճառքը նպատակահարմար չէ: Կարծում եմ՝ դա մի հարց է, որտեղ մենք տարաձայնություններ ունենք Ռուսաստանի հետ»:
Առավել ուշագրավ է «Ազատության» հետեւյալ հարցի պատասխանը` «Եթե կողմերից մեկը գար, 5 միլիարդ դոլար դներ սեղանին եւ ասեր՝ ես ուզում եմ Ձեզ հետ բիզնես անել, ինչպես ռուս պաշտոնյաներն են ասում, եւ խնդրում եմ վաճառեք մեզ հարձակողական զենքեր, կարծում եք ԱՄՆ-ը կհրաժարվե՞ր»: «Ես կարող եմ վստահեցնել, որ մեր ներկայիս քաղաքականության համաձայն՝ մենք այդ առաջարկը կմերժեինք»,- սպառիչ պատասխանել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ԱՄՆ-ը Հայաստանում իր դեսպանի միջոցով այսպիսով արձանագրել է մյուս համանախագահող երկրի` Ռուսաստանի բացասական դերը խաղաղ կարգավորման գործընթացում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն անդրադառնալով Հոգլանդի անցյալ շաբաթվա ելույթին` նշել է` «եթե Հայաստանն ընդունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից նշված սկզբունքները նոր չեն, եւ ինքն ընդունում է դրանք, ապա անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ՝ մանրամասների քննարկման համար»։ Ապա Մամեդյարովը հավելել է, թե իրենք բազմիցս հայտարարել են, որ «պատրաստ են ստատուս քվոյի փոփոխության, հակամարտության շուտափույթ կարգավորման եւ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման շուրջ լուրջ բանակցությունների»:
Հերթական կեղծ խաղաղասիրական հավաստիացո՞ւմն է սա Բաքվի կողմից, թե՞ առաջիկա բանակցությունների անցկացման վերաբերյալ միջնորդների ճնշումների շնորհիվ Ադրբեջանի պատասխանը` ցույց կտա ժամանակը: Պաշտոնական Երեւանը, ինչպես հայտնի է, բանակցությունների շարունակման հիմքում տեսնում է արդեն մեկ տարուց ի վեր Ադրբեջանի կողմից արհամարհվող հետաքննության մեխանիզմների ներդրման պահանջի կատարումը: Թերեւս պատահական չէ, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը նախընտրել է ոչինչ չասել այդ թեմայով:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Ամփոփումը` տպագիր «Առավոտ»-ի այսօրվա համարում:
«Առավոտ», 29.08.2017