Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ տեղի ունեցավ Խոսրովի անտառում

Օգոստոս 30,2017 13:00

Խոսրովի անտառը, որպես պետական արգելոց, հիմնադրվել է 1958թ.-ին: Տարածքը 23.878 հա է: Պահպանվող օբյեկտներն են չոր, նոսրանտառային, ֆրիգանային եւ կիսանապատային լանդշաֆտները, բուսական եւ կենսաբանական եզակի համակեցությունները, 1800 անոթավոր բույսեր, 210-ից ավելի ողնաշարավոր կենդանիների տեսակներ: Հրդեհի մասին լուրերը հիմնականում չէին արտահայտում իրավիճակի բարդությունը: Դրանում հատուկ դիտավորություն չկար, քանի որ հրդեհի շրջագիծը այնքան մեծ է, իսկ տեղում ճշտումներ անելը՝ այնքան դժվար, որ այլ կերպ չէր էլ կարող լինել: Որպես հրդեհի ականատես վկայում եմ՝ կրակը անընդհատ փոխում էր ուղղությունները, ստեղծելով նորանոր օջախներ, իսկ հակահրդեհային մեքենաներ մոտեցնել ռելիեֆի գերդժվարին պայմաններում, բացարձակ հնարավոր չէր: Ըստ անտառագետների՝ կա մի կրիտիկական կետ, որի առկայությամբ կրակը դառնում է բացարձակ անկառավարելի ու հանդուգն: Արգելոցի համեմատաբար ցածրադիր գոտիներում գիհիների խիտ անտառներն են եւ խիստ մտահոգիչ էր՝ կրակը խժռելով գագաթների գիհիները, ի վերջո, կհասնի՞ ստորոտների անտառածածկին, թե,՞ այնուամենայնիվ, հնարավոր կլինի կտրել հրի ճանապարհը: Բարեբախտաբար, այս ծառատեսակի, ինչպես նաեւ՝ կենդանական աշխարհի կորուստները, ըստ այս պահին եղած տվյալների, աղետալի չափեր չեն ընդունել: Փոքր-ինչ ուշացումով օգնության եկած ռուսական ինքնաթիռը ստեղծված վիճակում հարցի համեմատաբար լավ լուծումն էր: Հանրային անհանգստությունը մեծ էր, իսկ խնդրի առնչությամբ, ինչպես եւ սպասվում էր, սոցիալական ցանցերում եւ մամուլում շահարկումների պակաս չզգացվեց:

Ամենատարածված հանրային կարծիքը բավական տրիվյալ էր՝ մենք պատրաստ չէինք այս աղետին: Այո, դա միանշանակ ճիշտ է, բայց ասացեք, մենք այդ ինչի՞ն ենք պատրաստ, որ այս մեկին էլ պատրաստ չէինք: Ապրիլյան պատերազմի՞ն էինք պատրաստ, թե՞ 2008թ. համաշխարհային ֆինանսական մեծ ճգնաժամին:

Գուցե ասողները մատնացույց անեն մի երկիր, որը 100% կամ դրա գոնե կեսի չափով պատրաստ է լինում գլոբալ արհավիրքներին: Ինչպես ծովի ալիքը երբեք միանման չի զարկվում ափերին, այնպես էլ բոլոր բնական աղետներն են միշտ լինում նոր, բարդ ու անկանխատեսելի:

Այսպիսի տարերքների դեմ խեղճ են նույնիսկ աշխարհի տնտեսապես եւ կազմակերպորեն ամենազարգացած երկրների համակարգերը: Ճապոնիայի պես երկիրը կծկվել էր Ֆոկուսիմոյի ցունամիի եւ երկրաշարժի առջեւ, ԱՄՆ, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Ռուսաստանը եւ մյուս տերությունները հրդեհներից, ջրհեղեղներից եւ փոթորիկներից հաճախ իրենց գլուխն են կորցնում: Եվ հենց դա է ստիպում կատարելագործել վնասները չեզոքացնելու կամ ճիշտ կլինի ասել՝ նվազեցնելու մարդկության ունեցած փորձը: Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ տարիներ շարունակ ինքը բարձրացրել է մի հարց. «Ի՞նչ եղավ մեր փոքր ավիացիան»:

Սա իրոք լուրջ խնդիր է, ուստի պետության անճարակությունը եռանդով մատնանշողները, ավելի ազնիվ կվարվեն, եթե հենց այս պահից սկսած ՀՀ կառավարության եւ մասնավորապես ԱԻ նախարարության առջեւ կոնկրետ խնդիր դնեն՝ առաջիկա վեց ամսում ձեռք բերել սեփական ԻԼ-76-ը կամ էլ՝ էլ ավելի կատարելագործված ջրցան ինքնաթիռներ եւ հակահրդեհային միջոցներ: Եվ առհասարակ՝ կատարելագործեն արտակարգ իրավիճակների համակարգը: Դնեն այս պահանջը ու ձեռք չքաշեն, մինչեւ մեր օդանավակայանների անգարներում չտեսնեն դրանք: Այ, սրա համար նրանք հաստատ կարժանանան մեր ողջ հասարակության երախտագիտությանը եւ բնապահպանության նախարարության հատուկ շնորհակալագրերին:

 

ՄԱՆՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ»

29.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031