Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային քաղաքականությունը ՀՀ ԱԺ-ում եւ միջազգային փորձը

Օգոստոս 30,2017 12:30

Աշխարհի տարբեր երկրների պառլամենտները տարբեր կերպ են կանոնակարգում մշակույթի ոլորտի գործունեությունը, այն նկատառումով, որ մշակույթը ինքնուրույն լինելով հանդերձ, համենայնդեպս, ինքնահոսի չմատնվի եւ չհանձնվի շուկայի քմահաճույքներին: Ազատ շուկան շատ անգամ կործանարար դեր է խաղում հատկապես դասական եւ ավանդական արվեստների ոլորտում: Չափանիշային արժեք ունեցող այդ ասպարեզները բոլոր երկրներում էլ պետության հոգածության խիստ կարիք ունեն: Օրինակ, մեր Ազգային ժողովում տարիներ շարունակ «քնած» է «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը: «Առավոտի» հետ զրույցներում մեր անվանի արվեստագետներից շատերը տարիներ շարունակ տարակուսում են, թե ի՞նչ է նշանակում թատրոնի մասին օրենք… ուրեմն եկեք ստեղծենք ե՛ւ կինոյի, ե՛ւ պարարվեստի, ե՛ւ գեղարվեստի, մի խոսքով՝ մշակույթի տարբեր ոլորտների մասին օրենքներ առանձին-առանձին: Մեր զրուցակիցները հավատացած են, որ ընդամենը մեկ՝ «Մշակույթի մասին» օրենքն էլ բավարար է: Կարելի է նաեւ տեղայնացնել, օգտվել, ներմուծել՝ ձեւակերպումը չէ կարեւորը, այլ երկրների պառլամենտների՝ մշակույթի հանդեպ վարած քաղաքականությունը, ինչի շնորհիվ իսկապես կանոնակարգվում է ոլորտի գործունեությունը:

Ռուսաստանի նման հզոր երկրում, որտեղ մշակույթի ոլորտը ուղղակի երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է գտնվում, առանձնակի մեծ պարտավորություն է իր վրա կրում երկրի երկպալատ պառլամենտը՝ Դաշնային ժողով, Դաշնային խորհուրդ եւ Պետական դումա, որն իր ուղղակի օրինաստեղծ գործունեությունից բացի, հատուկ ֆինանսական միջոցներ է հատկացնում այն հստակ նպատակով, որ Պետդումայի պատգամավորները պարտադիր կերպով մասնակցեն մշակութային ամենատարբեր միջոցառումներին եւ այդ մասնակցության համար կարողանան ունենալ հատկապես ՊԴ կողմից գնված եւ ոչ թե հրավիրատոմսեր: Երբեմն անհրաժեշտության դեպքում գնվում են ամբողջական դահլիճներ կամ առանձնահատուկ կարգով տրամադրվում ծրագիրն իրականացնող բավական մեծ միջոցներ: Հանդիսություններին ներկա են լինում ՊԴ պատգամավորները, որոնց ֆիզիկական մասնակցությունը տվյալ ծրագրին մեծ հեղինակություն եւ ազդեցություն է ունենում ծրագրի կենսագործունեության վրա:

Ճապոնիայում երկրի պառլամենտը՝ երկպալատ Կոկկայը՝ խորհրդականների պալատ եւ ներկայացուցիչների պալատ, յուրօրինակ կերպով է լուծում հատկապես դասական երաժշտության նկատմամբ վերաբերմունքի դաստիարակության ու մասսայականացման խնդիրը: Դասական երեկոներին հաճախ հանդիսականի ամբողջ տարվա ընթացքում գնված տոմսերի գումարները երկրի կառավարությունը Կոկկայի ֆինանսական աջակցությամբ տարեվերջին ներկայացված տոմսերի հիման վրա մեծ թվերի հասնող գումարի տեսքով տոմսերի գինը վերադարձնում է հանդիսականին:

Լեհաստանում, որտեղ զարգացած թատերական կյանք կա, երկպալատ պառլամենտի՝ Սենատի եւ Սեյմի նախաձեռնությամբ ու ֆինանսական մասնակցությամբ, աշխատավարձերի հետ պարգեւավճարի կարգով ամեն ամիս տրվում են ներկայացումների եւ դասական համերգների տոմսեր: Նշենք, որ այսօր Լեհաստանն ամենաշատ թատրոններ ունեցող երկրներից մեկն է աշխարհում եւ Սեյմի գործուն ֆինանսական աջակցության շնորհիվ այդ երկրում է գտնվում Եվրոպայի թատերական փորձերի ու ներկայացումների ամենամեծ վիդեոլուսանկարչական արխիվը:

Ամենաբազմաժանր թատրոններն ու բեմարվեստի փորձարարություններով հարուստ երկիրը մնում է Չեխիան՝ նախկին Չեխոսլովակիայում հիմնավորված եւ ավանդության վերածված այն մոտեցումով, որ նոր մտածողության թատրոնների ստեղծման ու զարգացման համար հնարավորինս արագ ճանապարհ է բացվում, որի հոգածությանը ոչ միայն օրինաստեղծ, այլեւ ֆինանսական աջակցության գործնական մասնակցությամբ խնդրի լուծումն իր վրա է վերցնում Չեխիայի երկպալատ պառլամենտը՝ Սենատով եւ Պատգամավորների պալատով:

Գերմանիայի երկպալատ պառլամենտը՝ Բունդեսրատ եւ Բունդեսթագ աստիճաններով, գործուն մասնակցություն է ունենում երկրի թատերական կյանքի ձեւավորման ու աջակցման գործում, հատկապես պարբերաբար կրկնվող ճգնաժամերի դեպքում, երբ ֆինանսական աջակցության խնդիրը վերածվում է լինել-չլինելու խնդրի: Վերջին շրջանի հայտնի դեպքերից է, երբ երկու տարբեր քաղաքների արդեն փակվող թատրոնները երկրի պառլամենտի նախաձեռնությամբ միավորվեցին մեկ ստեղծագործական կառույցում եւ վերջինիս հատկացում կատարվեց ոչ փոքր գումարով՝ շուրջ 21 մլն եվրո:

Մեծ Բրիտանիայի պառլամենտը՝ Լորդերի պալատ եւ Հասարակության պալատ, ուշադրության կենտրոնում է պահում Շեքսպիրի՝ իբրեւ ազգային արժեքի, կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող գրեթե բոլոր կարգի գործունեությունները՝ Էյվոնի Ստրատֆորդի տուն-թանգարանից սկսած մինչեւ Շեքսպիրի արքայական ու միջազգային փառատոների կազմակերպումը եւ հաճախ նաեւ ամբողջական ֆինանսավորումը:

Ֆրանսիայի երկպալատ պառլամենտը՝ Սենատ եւ Ազգային ժողով, ինքնատիպ համադրություն է իրականացնում պառլամենտական ակտիվ մասնակից եւ անմասնակից դիրքորոշումների մեջ: Օրինակ, ամերիկյան արվեստի նման ազատ լինելով ու թատրոնները հիմնականում մասնավոր հատվածին թողնելով հանդերձ, այնուամենայնիվ, դասական արվեստի դարբնոց Գրանդ- օպերա թատրոնը ամբողջությամբ եւ լիարժեք ֆինանսավորվում է պետության կողմից, որն ամենեւին չի խանգարում ունենալու օպերային արվեստի սիրահար բազմաթիվ հովանավորների: Այս խնդիրները մեծամասամբ համակարգում է երկրի պառլամենտը:

ԱՄՆ-ի երկպալատ Կոնգրեսը՝ Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, աշխարհի այլ երկրների համեմատությամբ ավելի ազատ ու անմասնակից վերաբերմունք ունի մշակույթի ոլորտի գործունեության նկատմամբ, այն գրեթե լիովին թողնելով շուկայական հարաբերությունների ընթացքին: Արդյունքում ազգային եւ դասական համարում ունեցող արվեստները իրենց տեղը զիջում են շոու- բիզնեսին, որը իր բնույթով ավելի առեւտրային ոլորտ է, քան արվեստի: Դա է թերեւս պատճառը, որ ամերիկյան մշակույթը դասական արվեստի համարում չունի աշխարհում՝ ունենալով նույնիսկ Մետրոպոլիտեն թատրոն:

Էստոնիայի Ռիյգիկոգու միապալատ պառլամենտը շրջանառության մեջ է դրել որոշում, ըստ որի՝ հատկապես ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքի շրջանառությունից որոշակի տոկոս ուղղակիորեն հատկացվում է միայն մշակույթի ոլորտի խնդիրների լուծմանը:

Տարբեր երկրներում տարբեր միջոցներ, որոշումներ եւ միջոցառումներ են ձեռնարկվում այս ոլորտը ինքնահոս իրավիճակից դուրս բերելու համար, մանավանդ ֆինանսական ճգնաժամային իրավիճակներում, որի ընթացքում, որպես կանոն, առաջին հարվածը հասցվում է բարձրակարգ արվեստի ժանրերին: Այդուհանդերձ, բարձր արվեստը որեւէ երկրի համար մնում է միջազգային ամենաներկայանալի այցեքարտը:

Բացահայտ է, որ ՀՀ Ազգային ժողովը հատուկ հոգածության կենտրոնում պետք է պահի մեր մշակութային ոլորտը, որպես մշակութային երկրի համարում ունեցող պետություն, որը վերարժեւորելու խիստ կարիք ունի եւ մեր տնտեսական սահմանափակ շուկան ամենեւին պարարտ միջավայր չէ ազատ գործունեություն ծավալելու համար: Անհրաժեշտ է ոչ միայն մշակույթի նախարարության՝ մինչեւ վերջին լուման հաշվված միջոցների նպատակային օգտագործումը, այլեւ հատուկ ծրագրված միջոցների ներդրումը, միջոցառումների մասնակցության կազմակերպումը, նույնիսկ այդ գործը համակարգելու համար հատուկ անձի նշանակումն ու պատգամավորների մասնակցությունը մշակութային ամենատարբեր ձեռնարկներին:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

29.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031