Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական նիստն էր:
Խաչատրյանի մոր՝ դեպքին ականատես Էմմա Աբրահամյանի հարցաքննության ընթացքում ամբաստանյալների պաշտպանները կրկին հետաքրքրվեցին «բութ առարկայի» մասին, որով, Էմմա Աբրահամյանի խոսքով, ամբաստանյալներից մեկը հարվածել է իր որդու քունքին: Պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը հարցրեց, թե ինչ երկարություն ուներ այդ գործիքը:
Տիկին Աբրահամյանը կրկին հուզվեց, հունից ելավ՝ ասելով, որ նույն հարցն իրեն տարբեր շարադրմամբ տալիս են եւ նյարդայնացնում: Դատավոր Աննա Դանիբեկյանն այդ պատճառաբանությամբ հարցը հանեց, ինքն առաջացրեց պաշտպանական կողմի դժգոհությունը:
«Տենց զզվանքով ինձ մի նայեք, եթե իմ հանդեպ անձնական հակակրանք ունեք, դա ձեր իրավունքն է»,-դատավորին ասաց Լիպարիտ Սիմոնյանը:
Աննա Դանիբեկյանն էլ սանկցիայի ենթարկեց փաստաբանին՝ նախազգուշացման տեսքով, ինչից հետո Լիպարիտ Սիմոնյանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց:
«Ձեր գործողությունները ցույց են տալիս, որ դուք շահագրգռված եք հօգուտ տուժող կողմի: Դա է փաստում այն, որ Փառանձեմ Մեյթիխանյանը մտավ ձեր աշխատասենյակ»,-ասաց Սիմոնյանը:
Տուժող կողմի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ առարկեց միջնորդության դեմ՝ ասելով. «Ամեն ինչ անում եք, որ Էմմա Աբրահամյանի ցուցմունքը ձախողվի»: Փառանձեմ Մեյթիխանյանն էլ իր հերթին պնդեց, որ դատարանը կողմնակալ մոտեցում չի ցուցաբերում. «Ընդամենն ուզում եմ, որ դատավորությունը նորմալ ընթանա: Չեմ ուզում, որ այս կինը նիստերից մեկում մահանա…դուք՝ պաշտպաններդ, մեր նյարդերի վրա եք խաղում»:
Դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել: Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ