Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմից հետո Թալիշը վերականգնվում է. Amnesty Press-ի լրագրողը շրջել է Արցախում

Օգոստոս 29,2017 21:40

Գրունտային ճանապարհը լի է փոսերով, իսկ ճանապարհի մի կողմում 3 մետր բարձրությամբ պատ է, որը նպատակ ունի մեզ՝ մեքենայում գտնվողներիս, պաշտպանել կրակից կամ հրետակոծությունից: Պատից այն կողմ ընկած կանաչ տարածքն արդեն Ադրբեջանն է, որի բանակը գիշեր ու ցերեկ հերթապահում է սահմանին, Amnesty International իրավապաշտպան կազմակերպության թերթում գրում է Իզաբելլա Ռոզենգրենը, որը եղել է Արցախում, շփվել տեղի բնակիչների և պաշտոնյաների հետ:

Հոդվածագիրը նշում է, որ չնայած 1994թ. կնքված զինադադարին, մինչ օրս կրակոցները չեն դադարում, իսկ 2016թ. ապրիլին Ադրբեջանը գնդակոծեց խիտ բնակեցված Մարտակերտի շրջանը: 4 օրում երկու կողմերից զոհվեց ավելի քան 200 մարդ, իսկ Ադրբեջանը կարողացավ որոշ տարածքներ հետ գրավել:

«Ես ցնցված էի: Չեմ կարող բառերով բացատրել՝ ինչ էի զգում: Կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչ է նշանակում լքել քո երկիրը, քո պապերի երկիրը: Հարձակումից հետո ես սկսեցի լաց լինել և դողալ: Նման պահվածքը տղամարդուն վայել չէ, բայց ես շատ տխուր էի»,- ասում է ապրիլի 2-ի գիշերը հարձակման ենթարկված Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը:

Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Թալիշի վրա: Առաջին անգամ դա 1992-1994թթ էր, երբ ինտենսիվ ռմբակոծությունից հետո գյուղը գրեթե հողին էր հավասարվել, գրում է Ռոզենգրենը: Հրադադարից հետո Հայաստանը վերադարձրեց վերահսկողությունն այդ տարածքի վրա, և մարդիկ կարողացան վերադառնալ իրենց տները և նոր տներ կառուցել: 25 տարի անց գյուղը կրկին վերածվել է ուրվականի: Դեռ կանգնուն տները դատարկ են, փոշոտ գլխավոր փողոցում չեն երևում անգամ շներ կամ կատուներ:

Բայց հանկարծ լսվում է ծիծաղի և հաճելի զրույցի ձայն. հսկա թթի ծառի տակ երեք մարդ են նստած և ընդհանուր պլաստիկ ափսեից գազարով աղցան են ուտում: Շինարարներն են, որոնց Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է ուղարկել՝ Թալիշի տները վերականգնելու:

«Պատերազմի հերոս Մոնթե Մոլքոնյանն ասում էր, որ եթե մենք կորցնենք Արցախը, կհասնենք պատմության գրքի վերջին էջին: Նույնը ես ասում եմ Թալիշի մասին»,- ասում է Լևոն Ապրեսյանը, որը կառավարության ներկայացուցիչն է գյուղում և հետևում է շինարարական աշխատանքների ընթացքին:

Ինչպես գրեթե բոլոր հայերը, նա անդադար ծխում է, և մեկ ժամ հետո արդեն տասնյակից ավել ծխախոտ էր հանգցրել: Նա շատ հպարտ է մեկ ամսվա ընթացքում տարված աշխատանքով: Այս պահին նրանք վերանորոգում են մշակույթի կենտրոնը, որը նախքան ապրիլյան պատերազմը ծառայում էր որպես հարսանյաց սրահ:

«Ամեն օր գյուղի նախկին բնակիչները գալիս են՝ տեսնելու ինչ վիճակում են գտնվում իրենց տներն ու դաշտերը: Ես հասկանում եմ, որ հոգեբանական խնդիր կա, բայց կարծում եմ՝ ժամանակը բուժում է բոլոր վերքերը, և գրեթե բոլորը ետ կվերադառնան»,- ասում է Լևոն Ապրեսյանը:

Թալիշից մեկուկես ժամ հեռավորության վրա Ալաշան գյուղն է, որն իր անբիծ կանաչով ավելի շուտ դրախտային այգի է հիշեցնում, քան բնակավայր, շարունակում է հոդվածագիրը: Հենց այստեղ են տեղափոխվել Վիլեն Պետրոսյանը և Թալիշի ևս 47 ընտանիքներ այն բանից հետո, երբ հրթիռակոծությունն ավերել է նրանց տները:

«Չեմ կարող հավատալ, որ կյանքիս մեջ արդեն երկրորդ անգամ ստիպված եմ փախստական դառնալ: Մենք ապրում էին հույսով, որ նրանք չեն հարձակվի, բայց նրանք հարձակվեցին և սպանեցին մեր մարդկանց»,- ասում է Գուլի Ավանեսյանը, որը Թալիշում աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:

Նա ասում է, որ կցանկանար վերադառնալ Թալիշ, բայց չգիտի՝ կհամարձակվի՞ արդյոք, քանի որ իր տունը գտնվում է հենց հրթիռակոծության տակ:

«Հավանականությունը, որ նույն բանը կկրկնվի, մեծ է,- ասում է նա:- Նույն բանը տեղի է ունեցավ 25 տարի առաջ, ինչու՞ ոչ՝ հիմա էլ կարող է լինել»:

Միգուցե նա ճիշտ է, համաձայնում է հոդվածագիրը՝ նշելով, որ տարբեր հետազոտական ինստիտուտների գնահատականներով Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի 10 ամենառազմականացված երկրների ցանկում են, իսկ Ադրբեջանը միայն 2015թ. 3 մլրդ դոլար է ծախսել հարձակողական ուղղաթիռների, հրթիռների և կործանիչների վրա:

«Ադրբեջանում հայատյացությունը բացասական ազդեցություն է ունենում խաղաղության գործընթացի վրա: Այս պահին ոչ մի բանակցություն չկա, քանի որ նրանք չեն համաձայնում ավելացնել դիտորդների թիվը շփման գծում և արդեն հստակ ցույց են տվել, որ ուզում են՝ պատերազմը շարունակվի: Վերջին ամիսներին նրանք շատ ակտիվ էին և ավելացրել են սպառազինության և զինվորների թիվը՝ պարզապես մթնոլորտը շիկացնելու համար»,- ասում է Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը և հավելում. Պատերազմը երեկ չի սկսվել և վաղը չի ավարտվելու: Մարդիկ այստեղ դա հասկանում են»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031