Ախալցխայի մոտ՝ Օրֆոլո ռազմական զորավարժարանում սեպտեմբերի 3-ին կսկսվեն ԱՄՆ-ի և Վրաստանի կողմից կազմակերպվող Agile Spirit 2017 ռազմական զորավարժությունները:
Ինչպես հաղորդում է civil.ge կայքը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, զորավարժություններին կմասնակցեն Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բուլղարիան, Լատվիան, Ռումինիան:
Զորավարժությունները կներառեն դաշտային և շտաբային փուլեր. դրանց նպատակն է ընդլայնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում, ինչպես նաև փոխգործակցությունն ԱՄՆ-ի և այլ գործընկեր երկրների միջև:
Զորավարժությունները տեղի կունենան նաև Զրահատանկային կենտրոնում և կավարտվեն սեպտեմբերի 11-ին:
Agile Spirit զորավարժությունները սկսած 2011թ-ից՝ անցկացվում են ամեն տարի Վրաստանում: Սկզբնապես դրանց մասնակցում էին միայն երկու երկիր՝ ԱՄՆ-ը և Վրաստանը, իսկ 2015թ-ից միացան այլ երկրներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ