Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի խնդիրները լուծելու են, որպեսզի դպրոցի ու ուսուցչի հեղինակությունը բարձրանա. (Տեսանյութ)

Օգոստոս 29,2017 18:50

«Դպրոցներում պետք է կարողանան ե’ւ տնտեսապես ե’ւ ֆինանսապես ազատ շնչել, որպեսզի նաեւ ծնողների վրա բեռ չլինի: Ծնողներն ավելի շատ դժգոհում են ոչ թե դրամահավաքի փաստերից, այլեւ` թե կոնկրետ ուր է նպատակաուղղվում դպրոցում կազմակերպված դրամահավաքը»,-այսօր Մանկավարժական համալսարանում ասաց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, որը դպրոցների տնօրենների հետ հանդիպման էր եկել:

Ըստ նախարարի, կան դպրոցներ, որտեղ պաշտոնապես դրամահավաք իրականացվում է, բայց այսքան տարիների ընթացքում ոչ մի բողոք չի եղել, քանի որ ծնողը տեսնում է ուր են նպատակաուղղվում այդ գումարները եւ արդյունքն էլ տեսանելի է լինում.

«Եվ ծնողը կանգնում է դպրոցի կողքին: Այնպես պիտի անենք որ ե՛ւ դպրոցի ե՛ւ ուսուցչի հեղինակությունը բարձրացնենք: Շատ պարզ բանաձեւեր են, բայց դժվար իրականանալի»: Այսօր նախարարի եւ մանկավարժների հանդիպման նպատակը ոլորտում առկա խնդիրները քննարկելն էր, առաջարկություններ ներկայացնելը: Միջոցառմանը ներկա մանկավարժները «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչներ են:

Ըստ Լեւոն Մկրտչյանի, միությունը մի հարթակ է, որտեղ կարող են բաց քննարկումներ անել: Լեւոն Մկրտչյանի խոսքով, այսօր խնդիր է օրինակ` 100-ից քիչ աշակերտ ունեցող դպրոցներում ինչպես դասավանդումն անել կամ ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործումը, դասագրքերի խնդիրը, չափորոշիչները ավագ դպրոցում եւ այլն:

Նախարարի համոզմամբ, այդ խնդիրների լուծմամբ կրթության որակը, ուսուցչի եւ դպրոցի հեղինակությունը կբարձրանա:

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ը ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է բարձրացնել դպրոցի, ուսուցչի հեղինակությունը, երբ դեռ դպրոցներում հաճախ ենք լսում կոռուպցիոն երեւույթների մասին:

«Ես չեմ ուզում ուսումնական տարին սկսենք վատ արժեքներ պրոպագանդելով, քանի որ ուսուցչի հեղինակությունը բարձրացնելը պետք է լինի բոլորիս նպատակը ե’ւ լրագրողների ե’ւ պետական այրերի ե’ւ հենց իր` ուսուցչի: Կարծում եմ, որ պետության մոտեցումը եւ ուսուցչի սոցիալական վիճակի բարելավումը հենց դրա գրավականն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031