«Ա1+». »Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցներն այսօր առավոտյան փորձել են ներխուժել «Անտարես» հրատարակչության տպարանի պահեստ: «Ուզում ենք տեսնել ում տարածքն է»,-ասել են նրանք: Տպարանի տնօրեն Թամարա Զաքարյանը չի թույլատրել, որպեսզի հարկային օպերլիազորները մտնեն պահեստ:
Դա չի ընկճել ՊԵԿ աշխատակիցներին: Նրանք մտել են արտադրամաս եւ շարունակել զննել տարածքը: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն անձամբ է հեռախոսազանգով նրանց դուրս հրավիրել տարածքից»:
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ավելի ուշ տարածեց հետեւյալ հաղորդագրությունը. «Տեղեկացնում ենք, որ «A1plus.am» կայքում հրապարակված «Հարկայինը ներխուժել է «Անտարեսի» տարածք» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:
«Ա1+»-ն ավելի ուշ հրապարակեց կատարվածին առնչվող ձայնագրություն, որտեղ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հեռախոսով խոսում է ՊԵԿ աշխատակիցների հետ։ Վերջիններս ասում են, որ եկել են գույքագրման։