Լրահոս
Օրվա լրահոսը

13 դպրոց կփակվի. ի՞նչ կլինի ուսուցիչների ճակատագիրը

Օգոստոս 29,2017 18:25

Երևանի և ՀՀ մարզերի 13 դպրոց կփակվի կամ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի բնութագրմամբ` կվերամիավորվի:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հանրակրթության վարչությանը պետը տեղեկացրեց, որ սեպտեմբերի մեկին բոլոր այդ 13 դպրոցները շարունակելու են իրենց աշխատանքը իրենց շենքերում: Այս առիթով պարոն Արշակյանը պարզաբանեց. «Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պետռեգիստրում նոր իրավաբանական անձը պիտի գրանցվի, որ մյուս դպրոցը փակվի, համարվի լուծարված: Տեղափոխման աշխատանքները կլինեն  հոկտեմբերի արձակուրդների ժամանակ»:

Աշոտ Արշակյանն այդպես էլ չասաց, թե դպրոցների խոշորացման գործընթացի պատճառով քանի ուսուցիչ կմնա առանց աշխատանքի: Այս առիթով նա պարզաբանեց. «Այս պահին աշխատանքներ են ընթանում այդ ուսուցիչներին աշխատանքով ապահովելու հարցով: Դպրոցների միավորման դեպքում, երբ տվյալ դպրոցի աշակերտները տեղափոխվեն մյուս դպրոց, այնտեղ կառաջանան դրույքներ: Ուստի այս պահին հստակ թիվ ասել չեմ կարող: Ծնողն ինքն է ընտրում, որ դպրոց իր երեխային տեղափոխել: Մինչև կոմպլեկտավորում չլինի, տեղափոխում չկատարենք, չենք կարող ասել տվյալ դպրոցում քանի դասաժամ կառաջանա»:

Այն պնդումներին, թե խոշորացող դպրոցների տնօրենները տեղյակ չեն եղել և անակնկալի են եկել` իմանալով, որ իրենց դպրոցը փակվելու է, Աշոտ Արշակյանն ի պատասխան վստահեցրեց. «Դեռ երկու ամիս առաջ բոլոր տնօրենները ծանուցվել են գրավոր և պարտավոր են եղել իրենք էլ ծանուցել բոլոր ուսուցիչներին: Անձամբ եղել եմ բոլոր դպրոցներում  ծանոթանալու դրանց շենքային պայմաններին և նյութատեխնիկական բազային: Այնպես որ, ծանուցման առումով որևէ խնդիր չկա»::

Պարոն Արշակյանը հավաստիացրեց, որ խոշորացումը կապված է կրթության որակի բարձրացման հետ: Նա վստահեցրեց, որ նշված 13 դպրոցների աշակերտները, որ դպրոցներ տեղափոխվելու են, դրանք ունեն լավ շենքային պայմաններ, նյութատեխնիկական բազա, լաբորատոր պայմաններ և ուսուցչակազմ:

Դառնալով Բերդի վարժարանից եկած ահազանգերին, թե ուսուցիչներին սպառնում է կորցնել աշխատանքը, պարոն Արշակյանն ասաց. «Բերդի վարժարանում փոքրաթիվ աշակերտներ էին մնացել` մոտ 25: Վարժարանի ուսուցիչների մի մասը կաշխատեն մեր ենթակայության տակ գտնվող ավագ դպրոցում, այսօր խոսել եմ Տավուշի կրթության վարչության պետի հետ. նրանք ևս տանում են աշխատանք, որ իրենց ենթակայության հիմնական դպրոցներում այդ ուսուցիչներին աշխատանքով ապահովեն: Բացի այդ, Բերդի վարժարանում որոշ ուսուցիչներ աշխատում էին նաև համատեղության կարգով»:

Դիտարկմանը, թե նախարարությունը գնում է հեշտ ճանապարհով, և բոլորին է հայտնի, թե ինչ ճակատագրի են արժանանում փակված դպրոցները, մինչդեռ կան շատ դպրոցներ, որոնք գերծանրաբեռնված են և աշխատում են մի քանի հերթով, ԿԳՆ հանրակրթության վարչության պետն արձագանքեց. «Դպրոցների բեռնաթափման հարցը մեր օրակարգում է: Այո, կան դպրոցներ, որոնք աշխատում են մի քանի հերթով, և մենք միջոցներ կձեռնարկենք բեռնաթափելու այդ դպրոցները»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031