Լոռու մարզի Դեբեդ եւ Դսեղ համայնքներում խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում տարածվել էր զանգվածային հիվանդություն: Համայնքների ղեկավարներն ու բնակիչները նշում էին, որ կենդանիները վարակված են դաբաղ կոչվող հիվանդությամբ:
Մինչդեռ ՍԱՊԾ-ն հերքում էր, որ նման հիվանդություն չկա: Ասելով, որ իրենց ոչ ոք չի դիմել եւ որ իրենք նմուշառում չեն իրականացրել, հիվանդությունը բացահայտելու համար:
Թե կենդանիների մոտ ի՞նչ հիվանդություն էր տարածված, այդպես էլ չպարզվեց: ՍԱՊԾ Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք մինչ օրս նմուշառում չեն վերցրել, նոր հիվանդացած կենդանի չկա. «Նմուշառում, որպես հիվանդության ախտորոշում, չեք վերցրել, որովհետեւ ահազանգից մինչեւ այսօր նոր հիվանդացող կենդանիներ չկան, որ նմուշառում անեինք»:
Սողոյանի խոսքով, այժմ գյուղերում վիճակը կայուն է, հիվանդության ալիքն անցել է. «Անհրաժեշտ միջոցառումներ արվել են՝ անասնաբուժի եւ մեր կողմից, եւ հիվանդության զարգացումը կանխվել է: Մենք ախտանշանային բուժում ենք իրականացրել, կոնկրետ հիվանդության դեմ չենք արել, քանի որ չգիտենք, թե ինչ հիվանդություն է»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ