Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունը ԱԻՆ-ը պետք է ապահովեր եւ պարտավոր էր ժամանակին էթինոլ-լաքի թափոնները չեզոքացնել

Օգոստոս 29,2017 17:20

«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ գործարանում էթինոլ-լաքի թափոնների պահեստում բռնկված հրդեհին, պատմեց, թե այդ թափոնները նախկինում ինչպես էին չեզոքացնում:

Կարեն Իսրայելյան

Իսրայելյանի պատմելով՝ նախկինում, երբ գործարանն աշխատում էր, այդ թափոններն այրում էին հատուկ վառարաններում եւ այդպես վերացնում: Իսկ գործարանի աշխատանքները դադարեցնելու հետո այն չի այրվել ու այդ թափոնները կուտակվել են:

Պարոն Իսրայելյանի խոսքերով՝ «Մինչ այդ էլ այդ թափոններից կային կուտակված, կամաց-կամաց վառում էինք՝ նախատեսված ռեժիմով եւ վառարանների հզորության համաձայն: Ու քանի որ գործարանը կանգնեց, բավականին մեծ քանակի կուտակվեց: Իսկ վառելու համար գազամատակարարում պետք է ունենա գործարանը, այսինքն՝ վառարանները գազով էին աշխատում: Հիմա գործարանը գազամատակարարում չունի: Հիմա «Նաիրիտի» սնանկացման գործընթացն է գնում, իսկ այդ թափոնները պետք է անպայման չեզոքացնեին: Երվանդ Զախարյանը, երբ էներգետիկայի նախարարն էր, ԱԺ-ում հայտարարեց, որ գործարանի չեզոքացման համար մոտ 100 միլիոն դոլար է հարկավոր, իսկ այդ չեզոքացման գործընթացի մեջ նաեւ թափոնների վառելն էր մտնում եւ նաեւ այլ լուրջ քիմիկատների չեզոքացումն էր մտնում այդ 100 միլիոնի մեջ: Բնականաբար, այդ 100 միլիոնը չտրամադրվեց»:

Գործարանի կանգնելուց հետո կառավարության որոշմամբ, ինչպես ասաց պարոն Իսրայելյանը, տեխնիկական անվտանգությունը պետք է ապահովի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Իսրայելյանն ասաց, որ ԱԻՆ-ը պետք է այդ թափոնների վրա աղաջուր լցնի, որպեսզի օդի հետ շփում չլինի եւ հրդեհի բռնկումը կանխվի, քանի որ այդ թափոններում առկա նյութերը գազեր են արտադրում եւ հրավտանգ են: Նախկինում, ըստ Իսրայելյանի, գործարանի ղեկավարությունը աղաջրով էլ է չեզոքացրել այրվելու վտանգը:

Իսրայելյանն ասաց, որ թափոնների տարաները բաց երկնքի տակ են, էթինոլ-լաքի հետ այդ թափոններում նաեւ տոլուոլ դյուրավառ նյութ կա, սա, ըստ Իսրայելյանի, բենզին է, ու այս թափոններից արտադրվող գազերը օդի հետ շփման դեպքում բռնկվում են՝ օդի բարձր ջերմաստիճանի դեպքում:

Այս օրերին ԱԻՆ-ը հայտարարում էր, որ օդի բարձր ջերմաստիճանի պատճառով հրդեհի վտանգներ կան: Այսինքն՝ ԱԻՆ-ը պետք է իմանար, որ «Նաիրիտում» արեւի տակ «եռացող» թափոնները հնարավոր է բռնկվեին:

Իսրայելյանի խոսքերով՝ ԱԻՆ-ը պետք է այս ընթացքում, երբ գործարանը չէր աշխատում եւ դրա անվտանգությունը հանձնված էր այս գերատեսչությանը, պետք է քայլեր ձեռնարկեին հրդեհի բռնկման վտանգը չեզոքացնելու ուղղությամբ. «Նրանք պետք է տեղյակ լինեին տեխնոլոգիային: Գործարանը ԱԻՆ-ին չի տեղեկացրել, որ նման կերպ պետք է այդ ամենը արվի»:

Իսրայելյանի բարձրացրած խնդիրների վերաբերյալ Aravot.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԻՆ-ին: Մասնավորապես՝ ի՞նչ գործողություններ է իրականացրել ԱԻՆ-ը գործարանում կուտակված թափոնների հրավտանգությունը չեզոքացնելու ուղղությամբ: Այս եւ մի շարք այլ հարցերի ԱԻՆ-ից խոստացան պարզաբանել օրենքով սահմանված ժամկետում: Այսինքն՝ 5 օրից մինչեւ 1 ամիսն ընկած ժամանակահատվածում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031