Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի ՊՆ-ն արգելափակել է անօդաչուների մատակարարումը «կարևոր հաճախորդի», ըստ ամենայնի՝ Ադրբեջանին. newsru.co.il

Օգոստոս 29,2017 17:14

Իսրայելական Aeronautics ընկերությունը հրապարակել է բորսային կոմյունիկե, որի համաձայն՝ երկրի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողությամբ զբաղվող բաժինը ժամանակավորապես արգելափակել է 20 մլն դոլար արժողությամբ Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարումը կարևոր հաճախորդի, գրում է newsru.co.il կայքը:

Կոմյունիկեում նշվում է, որ մատակարարումները պետք է իրականացվեին 2017-2018թթ ընթացքում: Այդ հաճախորդի գնումները 2016թ. կազմել է ընկերության ամբողջ եկամուտի 20 տոկոսը, իսկ 2015թ.՝ 18 տոկոսը:

Կոմյունիկեում հաճախորդի անունը չի հաղորդվում. նշվում է, որ խոսքը ըստ Moody’s-ի Ba վարկանիշ ունեցող երկիր է, որի հետ Իսրայելն ունի ամուր տնտեսական կապեր: Բացի այդ, այդ երկրում կա գործարան, որը անօդաչուների պահեստամասեր է արտադրում Aeronautics-ի արտոնագրով:

Կայքը նշում է, որ Aeronautics-ի հաճախորդներից Ba վարկանիշ ունեն միայն երկու երկիր՝ Սերբիան և Ադրբեջանը, իսկ այս երկուսից միայն Ադրբեջանն է, որն իր տարածքում ունի Aeronautics-ի գործարան: Այնուամենայնիվ, կոմյունիկեում Ադրբեջանի անունն ուղղակիորեն չի հիշատակվում:

Այդ կապակցությամբ կայքը դիմել է Իսրայելի պաշտպանության նախարարությանը, բայց նյութի հրապարակման պահին պատասխան դեռ չի եղել:

Մի քանի շաբաթ առաջ իսրայելական թերթերից մեկը գրել էր, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է այն տեղեկությունը, որ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության օպերատորները հրաժարվել են ցույց տալ Ադրբեջանին մատակարարվող նոր անօդաչուի հնարավորությունները Հայաստանի պատճառով: Հրապարակման մեջ նշվում էր, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բաքու էր ժամանել Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակությունը՝ անօդաչուների մատակարարման նոր պայմանագիրը քննարկելու: Ըստ հոդվածի՝ ադրբեջանցի զինվորականները խնդրել էին, որ նոր տեխնիկայի հնարավորությունները ցուցադրվեն հայկական բանակի դեմ իրական ռազմական գործողությունների ժամանակ, սակայն մերժում էին ստացել: Արդյունքում անօդաչուի կիրառման փորձը կատարվել էր, բայց առանց իրական օբյեկտ խոցելու:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031