Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է Հայաստանի կառավարությանը «Հրշեջ սարքավորումների բարելավման նախագծի իրականացմանն աջակցելու նպատակով դրամաշնորհ տրամադրել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 31-ի նիստի օրակարգից:
Նախագծում, սակայն, նշված է չէ դրամաշնորհի չափը:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ դրամաշնորհային համաձայնագրի նպատակահարմարության վերաբերյալ կառավարություն ներկայացրած տեղեկանքում վստահեցնում է, որ հանրապետության մի շարք մարզերում հրշեջ մեքենաները շարքից դուրս եկած են: «Հրշեջ ավտոմեքենաների բարոյապես եւ ֆիզիկապես մաշված լինելու պատճառով վերջին տարիներին հաճախակի են դարձել դրանց խափանման դեպքերը շահագործման ընթացքում: Ավտոմեքենաների զգալի մասի ջրի բաքերը կոռոզիայի են ենթարկվել եւ վերանորոգելը դարձել է անհնար: Ջրի պոմպերի եւ վակումային համակարգերի անսարքությունները թույլ չեն տալիս անհրաժեշտության դեպքում ջրավազաններից ջուր վերցնել: Հատուկ ագրեգատների եւ պահեստամասերի բացակայության պատճառով ընթացիկ վերանորոգումները կատարվում են շահագործումից հանված մյուս ավտոմեքենաների դետալներով, քանի որ պահեստամասեր այլեւս չեն արտադրվում: Սակայն ավտոմեքենաների մի մասի ընթացային հատուկ ագրեգատներն այնպես են մաշվել, որ դրանց հետագա վերանորոգումը եւ շահագործումը դարձել է անհնար, ուստի ծայրահեղ անհրաժեշտություն է առաջացել ավտոմեքենաները փոխարինել նորով»,-նշված է Տոնոյանի տեղեկանքում: Խոսքը Սյունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի հրշեջ-փրկարարական ծառայությունների մասին է: Նաեւ նշվում է, որ այս մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներում շահագործվող հրշեջ տեխնիկան 1991 թվականից գրեթե չի թարմացվել, բայց դրանք շահագործվում են, մինչդեռ պետք է շահագործումից դուրս գային դեռեւս 2001 թվականին:
Դավիթ Տոնոյանը նաեւ խոստովանում է՝ «Այս մարզերի հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներն այդ մեքենաների մաշվածության պատճառով, հատկապես սահմանամերձ եւ բարձր լեռնային համայնքներում, արտակարգ իրավիճակների դեպքերը սպասարկելու համար վերընթաց ոլորաններով անցնելիս առավելագույնը 20-30 կմ/ժամ արագությամբ են ընթանում եւ կանչի վայր հասնում մեկ ժամ ուշացումով, որի հետեւանքով արձագանքումը դառնում է անիմաստ: Արդյունքում շրջակա միջավայրին, կազմակերպություններին եւ քաղաքացիներին պատճառվում է զգալի նյութական եւ բարոյական վնաս:
Այս ամենից ելնելով, նախարարը նշում է, որ ծառայությունը պետք է վերազինվի նոր մեքենաներով եւ ամեն մի ջոկատ պետք է առնվազն 2 մեքենա ունենա: Ըստ նախարարի, նախորդ ծրագրի փորձը ցույց է տալիս, որ ճապոնական հրշեջ մեքենաները առավել հուսալի են եւ որակյալ:
Տոնոյանի այս տեղեկանքին ծանոթանալուց հետո կառավարությունը դժվար թե մերժի ճապոնական դրամաշնորհ ստանալու մասին նախագիծը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ