ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով, հասարակության մի զանգված դեմ է «Ելքի» նախաձեռնությանը, խորհրդային տարիների գործիչների անուններով փողոցները անվանափոխելու վերաբերյալ, քանի որ կոմունիստական ժամանակները դրական է գնահատում:
«Ես համաձայն չեմ, որ կոմունիստական ժամանակաշրջանը բացասական է եղել մեր ազգի համար, չի կարելի բոլորին համարել ապազգային: Գաղափարախոսություն է եղել, այդ մարդիկ գաղափարին են նվիրված եղել»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց նախկին պատգամավորը:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ իրենք կոնկրետ խնդիրների լուծումներ են տվել, սա իրենց բարձրացրած բազում հարցերից մեկն է, ապա կարծիք հայտնեց, որ օրինակ Վազգեն առաջինն արժանի է, որ իր անունով փողոց լինի, բայց նման փողոց չկա:
Դիտարկմանը, թե այս նախաձեռնությունն այդքան էլ կարևոր չէ այս պահին այն դեպքում, երբ մարդիկ հացի խնդիր ունեն, Տիգրան Ավինյանը ծիծաղելի համարեց. «Եթե Երևանում 9000 ստորագրություն է հավաքվում, որպեսզի Լենինգրադյանը փոխվի Ազգալդյանի անունով, նշանակում է, որ սա հետաքրքիր է, այս թեման անընդհատ քննարկվում է բոլորի կողմից»:
Լեռնիկ Ալեքսանյանն էլ շարունակեց. «Նախագահին էլ քննադատում էին Եվրասիական միության համար, բայց այսօր հասկանում ենք, որ դա դիվանագիտություն էր, հիմք էր այսօր եվրոասոցացման համաձայնագրի համար: Այսօր մեր ժողովուրդն առանց այն էլ շերտավորված է, մի հատ էլ շերտավորենք կոմունիստների, պետք չէ, այսօր ունենք լուրջ տարածաշրջանային խնդիրներ, դրանցով է պետք զբաղվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ