Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիակն աչքիս առաջ՝ քունքը ծակված էր, արյուն էր գալիս». լարված հարցաքննություն՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով

Օգոստոս 29,2017 15:33

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական նիստն է:

Հիշեցնենք, որ տիկին Աբրահամյանը դեպքի ժամանակ որդու հետ է եղել: Ըստ մեղադրանքի՝ 2016թ. Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ՝ ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել նրա կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել կյանքից:

Նիստի մեկնարկին դատավորը հայտարարեց, որ նախորդ նիստում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ, եւ եթե դահլիճում ներկա քաղաքացիները խոչընդոտեն դատաքննության ընթացքին, կհեռացվեն նիստերի դահլիճից:

Բավականին լարված մթնոլորտում շարունակվեց սպանված Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ նա ներկա է եղել միջադեպին: Հարցաքննության ժամանակ նա հաստատեց, որ որդին իր եւ մեղադրյալների մեքենաների բախումը կանխելու համար արգելակել է, սաստել երիտասարդներին, ինչից հետո վերջիններս հարձակվել ու հարվածներ են հասցրել նրան. սկզբում՝ երեքը, հետո նրանց միացել են մյուս երեքը:

Կինը դժգոհեց, որ ամբաստանյալների պաշտպաններն իրեն անընդհատ նույն հարցերն են տալիս, փորձում մոլորեցնել: Տիկին Աբրահամյանն անընդհատ հուզվում էր, վատանում, երբ միջադեպի մանրամասների մասին հարցեր էին տալիս: «77 տարեկան կին եմ: Ոտքերս թույլ են, բայց ուղեղս տեղն է, ի՞նչ վիճակի մեջ եք ինձ գցում, մեկ տարուց ավելի՝ որդի եմ կորցրել»,-բղավեց նա:

Պաշտպանները հետաքրքրվեցին, թե որքան ժամանակ է տեւել միջադեպը: Տիկին Աբրահամյանը վրդովվեց. «Որդուս հարվածում էին, իսկ դուք ժամ եք հարցնո՞ւմ: Երանի որդիս չարգելակեր, արգելակեց՝ փրկեց նրանց…երանի չփրկեր, ինքն էլ հետները մեռներ…»:

Էմմա Աբրահամյանը դժվարացավ մանրամասնել, թե մեղադրյալներից ով եւ ինչպես էր հարվածում Եղիշե Խաչատրյանին, սակայն ասաց, որ վեցն էլ նրան անխնա ծեծում էին. «Ոհմակ կազմած՝ սպանեցին որդուս…խմած էին, հարբած…ինքնահաստատվում էին, թե ով ավելի շատ կհարվածեր»:

Էմմա Աբրահամյանը պնդեց, որ ամբաստանյալներից մեկը ինչ- որ «բութ գործիքով» հարվածել է Եղիշե Խաչատրյանին, սակայն չհստակեցրեց, թե ինչ առարկա էր դա. «Խփեց քունքին, որդիս ընկավ…եթե չխփեին, նա չէր ընկնի, հաղթանդամ էր…Դիակն աչքիս առաջ՝ քունքը ծակված էր, արյուն էր գալիս»: Այս խոսքերի վրա տիկին Էմմայի ձայնը խեղդվեց, նա կրկին վատացավ:

Եղիշե Խաչատրյանի կինը՝ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը եւս վատացավ ու դուրս վազեց նիստերի դահլիճից՝ դեպի դատարանի արգելված գոտի:

Պաշտպանները դատավորին հորդորեցին համապատասխան քայլեր ձեռնարկել:

Տիկին Մեյթիխանյանի վերադառնալուն պես դատավորը նրան ասաց, որ նախազգուշացում է տալիս: Փառանձեմ Մեյթիխանյանն էլ ասաց. «Չէի կարող ձեր թույլտվությունը վերցնել, նոր դուրս գալ, կվատանայի՝ այստեղ կընկնեի…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031