Լրահոս
Օրվա լրահոսը

Օձաբերդում արված պեղումները կարևոր տեղեկություններ են հաղորդում Սևանի ավազանում միջին երկաթի և ուշ երկաթի դարաշրջաններում ամրոցաշինության և այլ կարևոր հարցերի վերաբերյալ

Օգոստոս 29,2017 15:04

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի արևելյան բլրին գտնվող Օձաբերդ հնավայրի (պետ. ցուցիչ` 4.52.1) տարածքում այս տարի պեղումներն իրականացվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի կողմից` ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Գիտության պետական կոմիտեի» և ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում: Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի փոխանցմամբ այս տարի աշխատանքները հիմնականում կենտրոնացվել են ամրոցի արևելյան և հյուսիս-արևելյան, ինչպես նաև՝ միջնաբերդի հյուսիս-արևելյան արտաքին պարսպաշարին կից հատվածներում: Հուշարձանի E տեղամասում, որը գտնվում է ամրոցի արևելյան հատվածում, բացվել է մոտ 3,0 մ հաստություն ունեցող կիկլոպյան պատաշարի հատված, նաև` մանր ու միջին մեծության քարերով արված դարավանդաձ և հարթակներ:

Մ. Բադալյանի խոսքով նախնական ուսումնասիրությունների հիման վրա կիկլոպյան շարով պատերով կառույցը կարելի է թվագրել վաղ փուլով`Ք. ա 8-րդ դարի վերջով-7-դարով: Հետագայում`Ք.ա 7-6-րդ դարերում, տարածքի զգալի մասը վերածվել է դարավանդաձև հարթակների:

«Սա կարևոր բացահայտում է, որը թույլ է տալիս հասկանալ, թե Օձաբերդի բնակիչները ինչպես են կազմակերպել տարածքը և այդ առումով ինչ ճարտարապետական և ինժեներական լուծումներ են կիրառել: Տեղամասում ստուգողական մի քանի փոսորակներ են արվել։ Արդյունքում` կիկլոպյան շարվածքի արտաքին պատին զուգահեռ բացվել է ևս մեկ պատ, ամրագրվել են մի քանի կավածեփ հատակներ, նաև` հիմնաժայռը», – իր խոսքում նշել է հնագիտական արշավախմբի ղեկավարը:

Նրա համոզմամբ չափազանց հետաքրքիր փաստեր են արձանագրվել տեղամասի արևելյան պատի արտաքին հատվածին կից արված ստուգողական փոսորակները ուսումնասիրելիս: Բացված աղյուսները թեպետ չափսերով համապատասխանում են ուրարտական աղյուսներին, սակայն տարբերվում են իրենց տեսքով և բաղադրությամբ։ Հնագետի պարզաբանմամբ թերևս այս հանգամանքը վկայում է Օձաբերդում ուրարտական աղյուսաշինական ավանդույթների տեղական նմանակման (իմիտացիայի) մասին։

«Վերոնշյալ տեղամասում գտնվել են խեցեղենի բազմաթիվ բեկորներ, կենդանական ոսկորներ, երկաթե սանձեր, բրոնզե օղ, աղորիքներ, ձկան կարթի ծանրոցներ և այլ գտածոներ»,- նշել է Մ. Բադալյանը:

Հետաքրքիր արդյունքներ են գրանցվել նաև հուշարձանի D տեղամասում. պեղումներն իրականացվել են երկու պեղավայրերում։ Առաջինում ամրագրվել է միջին քարերի հարթեցում, կավածեփ հատակներ, բավական հզոր մոխրաշերտ, ինչպես նաև կառույցի հատված (հավանաբար պատ կամ բարձրացված հարթակ), որը մեծապես վնասվել էր հրդեհի հետևանքով։ Երկրորդ պեղավայրում բացվել է կիկլոպյան շարվածքի քարերով պատի մի հատված (3 մ հաստությամբ ու 1,35 մ բարձրությամբ), որտեղ փաստվել են շինարարական մի քանի փուլեր։

Հնագետը նշում է, որ գտնված խեցեղեն նյութի վաղ փուլը վերաբերում է Ք. ա 8-րդ դարի վերջից 7-րդ դարն ընկած ժամանակահատվածին, ավելի ուշ փուլում` Ք. ա 7-6-րդ դարեր, վերակառուցումներ են արվել։ Մ. Բադալյանի խոսքով այս տեղամասում ևս աղյուսներ, աղորիքներ, կարասների բեկորներ, կենդանական ոսկորների մնացորդներ են գտնվել։

Օձաբերդը Սևանի ավազանի այն եզակի հնավայրերից է, որտեղ վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և փաստվել են բազմաթիվ աղյուսներ: Նախնական դիտարկումների համաձայն այդ հատվածն ուշ փուլում տնտեսական կիրառություն է ունեցել։ Ինչպես D 1 պեղավայրում, այստեղ ևս հրդեհի հետքեր են ֆիքսվել: Առաջիկայում D1 և D 2 պեղավայրերում գեոմորֆոլոգիական ուսումնասիրություններ կարվեն: Ի դեպ` հնաբուսաբանական հետազոտությունների համար բոլոր տեղամասերից հողի նմուշներ են վերցվել:

Արշավախմբի ղեկավարի խոսքով կարևոր և տպավորիչ արդյունքներ են գրանցվել միջնաբերդի հյուիս-արևելյան պարսպաշարի և աշտարակի արտաքին հատվածում արված պեղումների աշխատանքների ընթացքում։ Այստեղ բացվել է թեքահարթակ, որն անմիջական կապ ունի աշտարակի և պարսպաշարի հետ։ Նման թեքահարթակներ բացվել են Մարգահովիտ և Նորաբակ 1 հնավայրերի պեղումների արդյունքում։ Հատկանշական է, որ նման թեքահարթակները հատկապես հատուկ են եղել խեթական ճարտարապետությանը։

Հնագիտական արշավախմբի ղեկավարի համոզմամբ Օձաբերդում արված պեղումները կարևոր տեղեկություններ են հաղորդում Սևանի ավազանում միջին երկաթի և ուշ երկաթի դարաշրջաններում ամրոցաշինության, տարածքի կազմակերպման, ինժեներական մտքի, բնակիչների կենսագործունեության և այլ կարևոր հարցերի վերաբերյալ։ Հետաքրիր է, որ Օձաբերդի պեղումների ընթացքում, թե´ամրոցում, և թե´ միջնաբերդում ուրարտական շերտ չի արձանագրվել, սակայն հետագա պեղումները նոր պատասխաններ թերևս կտան այս հարցի վերաբերյալ:

Ի դեպ` Օձաբերդի պեղումներին մասնակցել են հնագետներ Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժից, Իրանի Իսլամական Հանրապետության «Հնագիտական հետազությունների իրանական կենտրոնից» և Ավստրալիայից, կամավորներ Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից։

Հ. Գ. Օձաբերդ հնավայրը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ համայնքների միջև: Այն գիտական շրջանակներին հայտնի է դեռևս 1860-ական թվականներից: Օձաբերդի հյուսիս-արևմտյան քարաժայռերից մեկին է գտնվում Վանի թագավորության միապետ Ռուսա Առաջինի (Ք. ա. 735-713 թթ.) սեպագիր արձանագրությունը: Այստեղ է հենց վկայված հնավայրի անունը, որը ուրարտական միապետը կոչել է ամրոպի, կայծակի աստված Թեյշեբայի պատվին՝ Թեյշեբա աստծո քաղաք: Օձաբերդը չափազանց կարոր նշանակություն ուներ: Այն կարևոր կետ էր, որը հսկում էր Սևանի ավազանի հարավային երկայնքով տարածվող ամրոցների շղթան, նաև՝ դեպի Սոթքի ոսկու հանքեր տանող ճանապարհը: Օձաբերդը բաղկացած է ամրոցից, միջնաբերդից և արտաքին բնակավայրից:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031