Ստանիսլավսկու թատրոնը նախորդ տարվա համեմատ ցուցանիշների անկում է գրանցել, Տիկնիկայինը՝ աճ
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ֆինանսական ցուցանիշներն անկում են արձանագրել:
Կիսամյակային հաշվետվությանը ներկայացած տնօրեն Ֆրեդ Դավթյանն անկումը հիմնավորեց մի քանի պատճառներով, որոնցից մեկը՝
«Այս ընթացքում թատրոնի կոլեկտիվն ունեցավ մարդկային կորուստներ: Մթնոլորտն այն չէր, տոմս չէր վաճառվում»:
Այդուհանդերձ, տնօրենը վստահեցրեց, որ ֆինանսական պատկերը բարելավելու համար ինչ-ինչ քայլեր արդեն ձեռնարկում են. ակտիվացել են սոցցանցերում, փորձում են կիրառել ակտիվ գովազդի քաղաքականությունը:
Գործնական մի քանի խորհուրդներից հետո նախարար Ամիրյանը թատրոնի տնօրենին առաջարկեց կազմել գործողությունների հստակ ծրագիր և ամեն օր նշել, թե նախատեսված քայլերից որն է իրականացրել:
«Դուք հրաշալի թատրոն ունեք, հրաշալի կոլեկտիվ, բայց չեք կարողանում ճիշտ մատուցել ձեր աշխատանքի արդյունքը: Պետք է քայլեր ձեռնարկեք»,-ասաց Արմեն Ամիրյանը
2017թ. ֆինանսական ցուցանիշների կիսամյակային պատկերը՝ նախատեսվածի համեմատ, «անկումային » է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, չնայած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ աճ է արձանագրվել:
Ի դեպ, Տիկնիկային թատրոնը մեկ տարում մոտ 400 ներկայացում է ունեցել ( Հայաստանում՝ ամենաշատը. որևէ այլ թատրոն այսքան ներկայացում չի խաղացել)։ Ստեղծագործական ակտիվ առօրյայից զատ, Տիկնիկայինի կյանքը հագեցած է եղել հյուրախաղերով, փառատոներով, որոնցում շահել են հիմնականում գլխավոր մրցանակները:
Թատրոնն առաջիկայում կներկայանա նորամուծությամբ. չորս գույն, գնային չորս սանդղակ, թատրոնում տոմսի արժեքը շուտով կտարբերակվի՝ ըստ դահլիճի քառագույն աթոռների:
Ռուբեն Բաբայանն այսօր ներկայացրեց ֆեյսբուքում գրանցած «ռեկորդը». ընդամենը կես տարվա ընթացքում Տիկնիկային թատրոնի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվը 9000-ից հասել է շուրջ 23. 500-ի:
Նախարար Ամիրյանն ու Ռուբեն Բաբայանը երեկ երեկոյան երկար քննարկեցին Տիկնիկային թատրոնի ցուցանիշները բարելավելու բազմաթիվ հնարավորությունները:
Ալիսա Գևորգյան
ՀՀ մշակույթի նախարարություն