Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անգամ պետք է խուզարկեք, խուզարկեք օրենքով սահմանված կարգով». Տիգրան Հայրապետյան

Օգոստոս 29,2017 14:35

Սեպտեմբերի 13-ին 150-ից ավելի փաստաբաններ նախատեսում են գործադուլ հայտարարել:

«Մեդիա կենտրոնում» փաստաբանները պնդեցին, որ իրենց իրավունքների զանգվածային խախտումները գրանցվել են «Սասնա ծռերի» գործով դատավարությունների ընթացքում:

Փաստաբան, Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը նշեց՝ գործադուլի փաստը նաև ապացուցում է փաստաբանական համայնքի՝ ակտիվ ու ոչ անտարբեր մասի համերաշխությունը. «Իրավունքի բոլոր այս խախտումները սկսեցին «Սասնա ծռերի» նախաքննության փուլից, երբ փորձ էր կատարվում սահմանափակել մեր տեսակցությունները մեր պաշտպանյալների հետ: Այս խնդիրները բացառապես կապված են «Սասնա ծռերի» և Ժիրայր Սեֆիլյանի գործով մեր պաշտպանություն իրականացնելու հետ: Որևէ այլ գործով երբևէ փաստաբանները նման խնդրի չեն բախվել: Մասնակցել եմ նաև մարտի 1-ի գործով դատավարությունների, բայց երբեւէ նման բան չի եղել, որ փորձեն փաստաբանին խուզարկության ենթարկել դատարան մուտք գործելիս, կամ քրեակատարողական հիմնարկում դա անեն»:

Ըստ պարոն Շուշանյանի՝ փաստաբանների նկատմամբ համատարած խախտումները հրահանգված են իրականացվում, որտեղ ներգրավված են պետական տարբեր մարմիններ՝ նաև Փաստաբանների պալատի նախագահն ու այլ մարմիններ:

Դառնալով փաստաբանների խուզարկության կամ զննության փաստին՝ Մուշեղ Շուշանյանը պարզաբանեց. «Էական չէ՝ դա զննություն է, թե խուզարկություն: Դա խուզարկության փորձ է: Փաստաբանի արժանապատվությունը նվաստացնել նման եղանակով, իբր թե դատական օրենսգրքի պահանջ կատարելու համար, անգամ եթե համարեինք զննություն է, նույնպես անթույլատրելի կլիներ»:

Փաստաբան, Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ իրենց՝ գործադուլի քայլին դիմելու նպատակն այսպես ձևակերպեց. «Սա մի գործողություն է, բողոքի ձև, որը մենք ընտրեցինք: Հավաստիացնում եմ, որ դա ամենևին էլ մեր ցանկացածը չէր»: Նաև վստահեցրեց, թեև չեն ներկայանալու դատական նիստերին, սակայն, եթե իրենց պաշտպանյալների շահերից բխի ներկա լինելը և նրանք խնդրեն այդ մասին, անպայման ներկա կգտնվեն:

Պարոն Պապիկյանն իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հարցով առաջիկայում գանգատ կներկայացնի:

Փաստաբան, Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հավաստիացրեց՝ որևէ օրենքում նշված չէ, որ փաստաբանն իր իրավաբանական օգնության տրամադրելու ժամանակ պարտավոր է ենթարկվել կարգադրիչներին. «Դատական օրենսգրքում հստակ նշված է, որ դատավորը չի կարող զննության ենթարկվել, կարող է զննության ենթարկվել հատուկ պայմաններում, երբ դատարանի նախագահը զգուշացված է: Իմ խորին համոզմամբ՝ նաև փաստաբանը չի կարող զննության ենթարկվել»: Տիգրան Հայրապետյանը նշեց, որ դիմել է Մարդու իրավունքների հանձնակատարին, նաև ՀՀ նախագահին:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք տեղյա՞կ են, թե փաստաբանի խուզարկության և զննության մասին ինչ է ասում միջազգային իրավունքը: Պնդումներ կան, որ Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում կամ թեկուզ Եվրոպական դատարանում, եթե փաստաբանները փորձեն մտնել դատարանի դահլիճ, այնտեղ կտեսնեն, թե միջազգային իրավունքի սկզբունքները ինչ խստությամբ են գործում՝ զննության առումով։ Պնդումներ կան, որ պայուսակը զննել չի նշանակում խուզարկել։ Խուզարկությունը կատարվում է միայն քրեական նպատակով, հանցագործության կատարման կասկածի հիման վրա, իսկ դատարանում զննությունը կատարվում է ոչ քրեական նպատակով, հետևաբար խուզարկություն չէ, այլ զննություն։ Մուշեղ Շուշանյանն արձագանքեց. «Դա բացարձակապես ոչ փաստարկված մոտեցում է: Եթե իրենք հռետորական հարց են ուղղում, թող հստակ նշեն, որ այդ դատարաններում զննության կամ խուզարկության կարգ է գործում. նման բան չկա: Որևէ մեկը չի ասում, որ փաստաբանը չպետք է զննության ենթարկվի դատարան մուտք գործելիս: Բայց դա պետք է լինի օրենքով սահմանված կարգով, մինչդեռ մենք նման կարգ չունենք: Իրականացվող զննությունը, որն, ըստ էության, խուզարկություն է, կամայական գործողություն է: Թող ապահովեին սարքերով, խնդիր չէր առաջանա. փաստաբանն իրերը կդատարկեր տոպրակի մեջ, սարքով կանցներ»:

Տիգրան Հայրապետյանն էլ արձագանքեց, թե նշված երկրներում պաշտոնյա չես գտնի, որ անօրինական գործողություն կատարի. «Թող օրենսդրություն ընդունեն: Ճիշտը զննելն է, ուրեմն ընդունեք օրենք: Եթե անգամ պետք է խուզարկեք, խուզարկեք օրենքով սահմանված կարգով»:

Պարոն Պապիկյանն էլ հարց բարձրացրեց, թե վկայակոչված երկրների դատարաններում նիստերի դահլիճում անազատության մեջ գտնվող մարդուն ծեծո՞ւմ են, թե՝ ոչ. բնականաբար՝ ոչ: Ինչո՞ւ սա չեն համադրում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031