Այսօր առողջապահության նախարարության շենքի առաջ մի խումբ քաղաքացիներ, որոնք պետպատվերով հեմոդիալիզ են ստանում, բողոքի ակցիա էին անում: Երեկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում դիալիզ ստացող հիվանդներին տնօրինությունը նախազգուշացրել է, որ դիալիզի ծառայությունն այլեւս անվճար չի լինելու, եւ որ հիվանդներն այսուհետ մեկ դիալիզի համար պետք է վճարեն 18 հազար 100 դրամ: Անվճար դիալիզի չտրամադրումն «Աստղիկ»-ում հիվանդներին պատճառաբանել են պետպատվերի գումարները վերջանալով:
Ստեփան Մարգարյանը, որը Մարտունուց շաբաթը երեք անգամ գալիս է Երեւան` «Աստղիկ» ԲԿ-ում դիալիզ ստանալու, 26 հազար դրամ թոշակ է ստանում: Այսինքն` դիալիզի կարիք ունեցող այս քաղաքացին իր թոշակով անգամ երկու դիալիզ չի կարող ստանա, ուր մնաց ողջ ամսվա կուրսը:
Դրան գումարած ճանապարհածախսը, հիվանդության հետ կապված այլ դեղորայքը, որոնք նույնպես, ամսվա կտրվածքով քիչ գումար չեն նստում հիվանդի վրա:
«Աստղիկ»-ի տնօրենն ասաց, որ պետք է լինի վճարովի, մենք էլ ի վիճակի չենք, 18 հազար մեկ դիալիզի համար վճարել, շատ դժվար է մեզ համար, դրան գումարած դեղեր ենք առնում»,-ասաց Ստեփան Մարգարյանը: Հարցին, թե
ձեզ ավելի մոտ հիվանդանոցում դիալիզ չե՞ք կարող ստանալ, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ Գավառում կա, բայց իրեն Երեւան գնալ-գալն ավելի հեշտ է, քանի որ այստեղ բարեկամ ունի, որի տանը կարող է մնալ:
Aravot.am-ի հարցին ի պատասխան, Ստեփան Մարգարյանն ասաց, որ դիալիզի գումարների հետ կապված խնդրի պատճառով իրենց դիալիզը չի ընդհատվել:
«Աստղիկ» ԲԿ-ում 200-ից ավելի քաղաքացի է դիալիզ ստանում:
Ռուբեն Մնացականյանին եւս երեկ «Աստղիկում» ասել են, որ գլխի ճարը տեսնի, քանի որ բուժհիմնարկը դադարեցնում է դիալիզի անվճար տրամադրումը:
«Մեզ ասացին, որ սեպտեմբերի 10-ից հետո ով ուզում է դիալիզ ընդունի, պետք է վճարի ամեն մի դիալիզի համար 18 հազար 100 դրամ»: Ռուբեն Մնացականյանը եւս շաբաթը երեք անգամ է օգտվում այս ծառայությունից:
Ճիշտ է, երեկ երեկոյան առողջապահության նախարարությունը հայտարարեց , որ հիվանդները կշարունակեն անվճար ստանալ դիալիզը, սակայն Ռուբեն Մնացականյանը մտավախություն ունի, որ Նոր տարուց հետո հնարավոր է կրկին խնդիրն առաջանա: Իսկ իր հիվանդությամբ հիվանդները չեն կարող առանց դիալիզի ապրել:
Մանրամասները` տեսանյութում
«Հեմոդիալիզը կյանք փրկող ծրագիր է, եւ չի կարող այն դադարեցվել»,-երեկ լրագրողների հարցին ի պատասխան ասաց առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Թե ինչից է «Աստղիկ» ԲԿ-ն վերցրել, որ պետությունն այլեւս չի վճարելու դիալիզի համար, պարոն Մելիք-Նուբարյանն ասաց, որ իրենք էլ չգիտեն. «Մենք տարակուսած ենք, նման մեծ աղմուկ է բարձրացել, դրա որեւէ հիմք գոյություն չուներ: Կառավարությունը, ի դեմս առողջապահության նախարարության, երբեք չի հայտարարել, եւ որեւէ քայլ չի ձեռնարկել հեմոդիալիզի ծառայության ներկայի գործող մեխանիզմների փոփոխության»:
Մանրամասները` տեսանյութում
Նախարարության պաշտոնյան հավաստիացրեց, որ հեմոդիալիզի ծառայությունը չի դադարեցվել, ոչ մի հիվանդ չի տուժել. «Այդ հարցը ամենաբարձր մակարդակով գտնվում է ուշադրության կենտրոնում, անհապաղ միջոցներ են ձեռնարկվել եւ համապատասխան կենտրոնի ղեկավարությունը հերքել է իր ասածը»:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ