Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը երաշխիքներ է ուզում (Տեսանյութ)

Օգոստոս 29,2017 13:49

1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո Բելառուսի տարածքում շարունակում էին տեղակայվել 81 առանձին մարտագլխիկներով հրթիռներ։ Դրանք բոլորն էլ փոխանցվեցին Ռուսաստանի Դաշնությանն արդեն 1996 թվականին: Ուկրաինան ԽՍՀՄ-ից ժառանգել էր շուրջ 5.000 միջուկային զենք և ԽՍՀՄ փլուզումից հետո համարվում էր աշխարհում երրորդ խոշոր միջուկային զինանոց ունեցող երկիրը։ 1996 թվականին դրանք նույնպես փոխանցվեցին ՌԴ-ին։ Եվ Բելառուսը, եւ Ուկրաինան ստորագրել են Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» այսօր կազմակերպած «Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը մտահոգություն հայտնեց, որ ներկայիս միջազգային իրավիճակի օբյեկտիվ գնահատականը պահանջում է միջուկային զենքի չկիրառման երաշխիքներ այն պետությունների դեմ, որոնք միացել են Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Դրա անհրաժեշտությունն, ըստ դեսպանի, առաջացրել է նաեւ այն հանգամանքը, որ Բուդապեշտի մեմորանդումը դրա մասնակից որոշ պետությունների կողմից անգամ չի վավերացվել իբրեւ միջազգային պայմանագիր: Դեսպանը նկատեց, որ Չեռնոբիլի աղետի պտուղները «վայելած» Բելառուսն առավել քան շահագրգիռ է իր եւ աշխարհի անվտանգությամբ:

Մանրամասները`  տեսանյութում

ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության Գլոբալ անվտանգության եւ ոչ կոնվենցիոնալ խնդիրների վարչության պետ Արա Մկրտչյանն էլ ներկայացրեց միջուկային զենքի չտարածման առիթով Հայաստանի քայլերը: Ըստ նրա, այսօր միջուկային տեռորի դեմ պայքարն է օրախնդիր`նկատի ունենալով աշխարհաքաղաքական իրավիճակը: ԱԳՆ-ի ներկայացուցիչն ընդգծեց, որ Հայաստանը կողմնակից է միջուկային զենքից ազատ տարածքներ ստեղծելու գաղափարին:

«Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը հիշեցրեց, որ Հայաստանը միացել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին, երբ Արցախի պատերազմի թեժ ընթացքի մեջ էր: Դրական գնահատելով Ղազախստանի որդեգրած դիրքորոշումը, նա մտահոգություն հայտնեց առ այն, որ ՆԱՏՕ-ի բազաներում, Թուրքիայում դեռ կա միջուկային զենք, Իսրայելն ունի միջուկային զենք եւ այլն: Սրանք, ըստ բանախոսի, դեռ երկար ժամանակ մտավախությունների տեղիք կտան: «Ղազախստանն աշխարհին ապշեցուցիչ օրինակ ցույց տվեց`զարգացման իր մղումներում: Ղազախստանի նախագահը խնդիր է դրել`առաջիկա տասնամյակում Ղազախստանը պետք է լինի աշխարհի զարգացած երկրների 30-ի ցանկում»,- ասաց նա`այս համատեքստում կարեւորելով ԵԱՏՄ-ում Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությունը:

Քննարկումների ժամանակ արծարծվեցին նաեւ Հայաստանի ատոմակայանին վերաբերող հարցեր: Մասնագետների պնդմամբ, այն վտանգ չի ներկայացնում հարեւան երկրների համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031