Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանի պատմական որոշումը (Տեսանյութ)

Օգոստոս 29,2017 13:38

1991 թվականի օգոստոսի 29-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրեց Սեմիպալատինսկի միջուկային փորձադաշտը փակելու մասին հրամանագիրը: Այն 300 մետր քառակուսի տարածք ուներ: Այդ որոշումը որակվում է պատմական եւ գնահատվում, որ այդպիսով Նուրսուլթան Նազարբաեւը բարձրացրեց երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Նկատենք, որ եթե նման որոշում չկայացվեր, Ղազախստանը կարող էր դառնալ Մերձավոր Արևելքի առաջին միջուկային գերտերություն: Խոսքը 1200 միջուկային մարտագլխիկներով ավելի քան 100 բալիստիկ հրթիռների մասին է:

2009 թվականի դեկտեմբերի 2-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանը օգոստոսի 29-ը հայտարարեց Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր: Բանաձևի ընդունման նախաձեռնությամբ հանդես եկավ Ղազախստանի Հանրապետությունը: 2010 թվականից սկսած՝ օգոստոսի 29-ը նշվում է որպես Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր:

Միջուկային զենքի վերջին մնացորդը Սեմիպալատինսկի միջուկային փորձադաշտում վերացվեց 1995 թվականի մայիսի 7-ին, իսկ 2000 թվականի հուլիսի 29-ին նույն փորձադաշտում պայթեցվեց միջուկային փորձարկումների համար նախատեսված վերջին օբյեկտը: Հիշեցնենք, որ 1949 թվականի օգոստոսի 29-ին Սեմիպալատինսկի միջուկային փորձադաշտում իրականացվեց առաջին պայթյունը: Ընդհանուր առմամբ այնտեղ շուրջ 500 պայթյուն է իրականացվել: Դրանց թվում տեղի է ունեցել նաև առաջին ջրածնային ռումբի փորձարկումը:

Պայթյուններն անդառնալի վնաս հասցրին Ղազախստանի տարածքին: Երկրի ժողովուրդն իր կաշվի վրա զգաց միջուկային զենքի բոլոր սարսափները: Սեմիպալատինսկի միջուկային փորձադաշտում 752 միջուկային պայթյուն տեղի ունեցավ, որից 78-ը գետնի վրա, մյուսները՝ գետնի տակ: 1949-1963 թվականներին իրականացված միջուկային պայթյունների ընդհանուր հզորությունը 2,5 հազար անգամ գերազանցել է Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի հզորությունը: Փորձադաշտում իրականացված պայթյունների հետևանքով տուժածների թիվը, պաշտոնական տվյալների համաձայն, հասնում է 1,3 միլիոնի:

Ավելի ուշ Նուրսուլթան Նազարբաևը առաջ քաշեց Ղազախստանի տարածքում միջուկային վառելանյութի Միջազգային բանկ հիմնելու գաղափարը՝ ապահովելու համար այն երկրների հասանելիությունը միջուկային նյութերին, որոնք ցանկանում են միջուկային խաղաղ էներգետիկա ապահովել, սակայն չունեն բավարար քանակությամբ ներքին ռեսուրսներ: Ընդ որում, օբյեկտը որևէ էկոլոգիական վտանգ չի ներկայացնում երկրի համար: Ղազախստանը, ինչպես պնդում են նաև բազմաթիվ փորձագետներ, ունի ռադիոակտիվ նյութերի արդյունահանման, վերամշակման և պահեստավորման անվտանգ տեխնոլոգիաներ: Բանկի շահագործման վերահսկողությունն իր հերթին խոստանում է իրականացնել նաև ԱԷՄԳ-ը: Բանկի ստեղծման գաղափարն արդեն իսկ արժանացել է աշխարհի մի շարք երկրների ղեկավարների հավանությանը: Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աջակցություն է հայտնել ԱԷՄԳ ղեկավարների խորհրդի կազմի մեջ մտնելու Ղազախստանի մտադրությանը:

1993 թվականին Ղազախստանն ԱՊՀ տարածքում առաջիններից մեկը միացավ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, իսկ 1994 թվականի դեկտեմբերին աշխարհի միջուկային տերությունների կողմից Ղազախստանի անվտանգության երաշխավորման մասին հուշագիր ստորագրվեց: 1996 թվականին Ղազախստանը դարձավ ՄԱԿ ԳԱ կողմից 1996 թվականի սեպտեմբերի 10-ին ընդունված Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի մասնակից, որը, սակայն, դեռևս ուժի մեջ չի մտել, քանի որ պետք է վավերացվի միջուկային զգալի ներուժ ունեցող մի շարք երկրների կողմից: Միևնույն ժամանակ, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ-մասնակիցները համաձայնության եկան հուշագրի տեսքով ամրագրել Ղազախստանի, ինչպես նաև Ուկրաինայի և Բելառուսի անվտանգության երաշխիքները՝ կապված վերջիններիս կողմից միջուկային զենքից հրաժարվելու որոշում կայացնելու հետ:

ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը այդ կարեւոր որոշումից 26 տարի անց պետություններին կոչ է անում`հետեւել իրենց օրինակին: Այսօր ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատունը եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնը» համատեղ քննարկում էին կազմակերպել:

«Միջուկային զենքի տարածման զսպման ուղղությամբ Ղազախստանի նախաձեռնությունները մեծապես նպաստեցին, որ հետսառըպատերազմյան աշխարհը կարողանա լուծումներ գտնել»,- քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա ցավ հայտնեց առ այն, որ 21-րդ դարը չչեզոքացրեց 20-րդ դարի մարտահրավերները, ավելին՝ նորերն ավելացրեց:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031