Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Հոռոմում կհուղարկավորեն թշնամու կրակոցից զոհված 26-ամյա լեյտենանտին

Օգոստոս 29,2017 12:47

Օգոստոսի 23-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած ու նախորդ օրը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացած 26-ամյա պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Արտակ Բիշարյանին այսօր կհուղարկավորեն իր ծննդավայրի՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մշակույթի տնից։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Հոռոմ գյուղի գյուղապետ Աշոտ Պասկևիչյանը։ Գյուղապետի ասելով, Արտակը սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքից է, նոր-նոր սկսել էին մի քիչ շունչ քաշել․ ծնողները սկսել էին աշխատել, երեխաները՝ նույնպես։ Ընտանիքի բաղկացած էր 5 անդամից, հայրը գյուղի գազի տեսուչն է, մայրն աշխատում է «Հայփոստի» Հոռոմի բաժանմունքում, եղբայրը՝ Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնում։ Արտակը միջնեկ զավակն է, եղբայրը իրենից մեծ է, քույրը՝ փոքր։

Ըստ գյուղապետի, Արտակ Բիշարյանը շատ է ուզել ծառայել Արցախի զինված ուժերում, դիմում է գրել, որպեսզի իրեն անպայման տեղափոխեն Արցախ ու 4 տարի շարունակ այնտեղ էր։ Հոռոմ գյուղի բնակիչների ասելով էլ՝ Արտակի ընտանիքը հազիվ հասցրել է ուսման տալ զավակներին։ «Հայրը էնքան խելացի մարդ է, քայլող հանրագիտարան, ուսման գինն իմացող, ամեն ինչ արել է, որ զավակները կրթություն ստանան, էլ որտեղի՞ց կարողանար տուն ու դուռ սարքել։ Պետական աշխատող է, ստացած աշխատավարձով ի՞նչ պիտի կարողանար անել։ Երեք զավակներից ոչ մեկն ամուսնացած չէ։ Արտակը գժի պես էր սիրում իր գործը, զինվորական հագուստ կրելը իր համար հպարտություն էր, պատիվ։ «Վազգեն Սարգսյան» սովորելը հո հեշտ չէր, իմ հարազատներից մեկն էլ Արտակի հետ ընդունվեց «Վազգեն Սարգսյան», բայց չդիմացավ, իսկ Արտակը գժի պես սիրեց։ Արտակը Բիշարյան Հեղինեի հորեղբոր թոռն է, տիկին Հեղինեի հայրը Հոռոմից է, մայրը՝ Հովտաշենից»,- ասաց գյուղի կանանցից մեկը։

Թե ի՞նչ հանգամանքներում է զոհվել Արտակ Բիշարյանը, Հոռոմ գյուղում խոսում են, որ անվադողերն են ուղղել, զինվորներից մեկը դուրս է եկել, որ ինքը ուղղի, Արտակը չի թողել՝ թե դու իջի, ես կուղղեմ ու հենց այդ պահին կրակել են իրեն։

Գյուղապետարանի կայքից էլ տեղեկանում ենք «Օգոստոսի 27-ին մահացել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմ համայնքի բնակիչ ,ՊԲ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Արտակ Աղասու Բիշարյանը:

Արտակ Աղասու Բիշարյանը ծնվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմ գյուղում՝ 1991 թվականի հուլիսի 8-ին, գյուղացու ընտանիքում: Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Ուսումն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:

Ավարտելուց հետո ծառայության է անցել ՊԲ Ն զորամասում:

Նա ապրում էր ծնողների, եղբոր և քրոջ հետ՝ սոցիալական ծանր պայմաններում:

Համայնքապետարանը կիսում է կորստյան անդառնալի վիշտը և իր զորակցությունն է հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին և հարազատներին»:

Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Բիշարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Նահատակված լեյտենանտի հոգեհանգստի արարողությանը մասնակցել է նաև հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը նույնպես Հոռոմ գյուղից է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031