«Նաիրիտի» հարցը պահանջում է արմատական լուծում։ Այն կամ պետք է լինի ու աշխատի ողջ հզորությամբ, կամ դառնա պատմություն՝ իր զբաղեցրած մի քանի հարյուր հեկտարը զիջի այլ արտադրությունների, կամ, պատկերավոր ասած՝ վերածվի մի մեծ ու գեղեցիկ այգու։ Սա, իհարկե, կոշտ է հնչում։ Սակայն «Նաիրիտի» այսօրվա վիճակը տեւական պոպուլիզմի հետեւանք է։
«Նաիրիտի» գոյությունը չէր դադարեցվում, պատճառաբանելով, թե այնտեղ հազարավոր մարդիկ են աշխատում։ Շատ համոզիչ է թվում։ Սակայն եթե կայացվեր քաղաքական որոշում՝ «Նաիրիտը» օրինական եւ թափանցիկ ընթացակարգերով լիկվիդացնելու վերաբերյալ, ապա թանկարժեք սարքավորումներով հագեցած գործարանի գույքի վաճառքից ստացված գումարները կբավարարեին հազարավոր աշխատակիցների ծանրակշիռ փոխհատուցում վճարելու համար։ Ստացված գումարներով հազարավոր մարդիկ կարող էին «վերապրոֆիլավորել» իրենց կյանքը։ Համենայն դեպս, կունենային նման հնարավորություն։
Սակայն դա չարվեց։ Թանկարժեք նյութերն ու սարքավորումները, իհարկե, վաճառվեցին, բայց գաղտագողի սխեմաներով, ու ստացված գումարների հիմնական մասը գրպանեցին մի փոքր խումբ մարդիկ։ Պարապուրդի մատնված աշխատակիցներին վճարում էին ամսական 30-40 հազար դրամ, որը չէր լուծում ոչ նրանց առօրեական խնդիրները, ոչ էլ թույլ էր տալիս նոր կյանք սկսել։ Հետո պարզվեց, որ այդ աշխատավարձերը վճարվում են վարկերի հաշվին, եւ մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտք է կուտակվել, որը ի վերջո պետք է փակվի բյուջեի, այսինքն՝ հարկատուների հաշվին։
Այդ ընթացքում «Նաիրիտը» իբր վերագործարկելու փորձեր եղան։ Սկզբում հնդիկներ եկան աշխատեցրին, հետո պարտքեր կուտակած հեռացան։ Հետո օֆշորային մի ընկերություն եկավ, էլի իբր աշխատեցրեց գործարանը, ու նոր պարտքեր թողնելով «Նաիրիտի» վրա, հեռացավ։ Հետո պարզվեց, որ «Նաիրիտի» ադմինիստրացիան աստղաբաշխական աշխատավարձեր ստանալով, մարդ ա մի քանի քարտուղարուհի պահելով՝ իբր ուսումնասիրում է վերագործարկման հնարավորությունները, հետազոտում է շուկաները եւ այլն, եւ այսպես շարունակ։ Մի խոսքով, վաղուց արդեն ակնհայտ է, որ «Նաիրիտի» լիկվիդացիան ձգձգվում է միայն մի նպատակով՝ այնտեղ դեռ կան սարքավորումներ ու նյութեր, որոնք դեռ կարելի է մութ սխեմաներով վաճառել որպես ջարդոն ու մեծ գումարներ գրպանել։
Որքան էլ ցավոտ հնչի, «Նաիրիտը» այս վիճակով որեւէ ապագա չունի։ Այն վաղուց վեր է ածվել տեխնածին աղետների «գեներատորի»։ Հարցն այն չէ, թե արդյոք էլի՞ է պայթյուն կամ հրդեհ լինելու «Նաիրիտում»։ Խնդիրն այն է, թե երբ է լինելու հաջորդ պայթյունը։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում