Լրահոս
Օրվա լրահոսը

Միլսը հենց Ռուսաստանը նկատի ունի, երբ ասում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է վստահ լինել, որ Հայաստանն իր ուղու ընտրության հարցում մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի. «Հրապարակ»

Օգոստոս 29,2017 11:59

«Պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում։ Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, եւ վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետեւելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Միլսի այս հայտարարությունը, իհարկե, կարելի է կապել նոյեմբերի 27-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ։ Մարդը հետաքրքրվում է՝ ի վիճակի՞ է, արդյոք, Հայաստանն ինքնիշխան որոշում կայացնելու, թե՞, ինչպես տարիներ առաջ, վերջին պահին կենթարկվի ճնշումների եւ հետ կկանգնի զարգացման իր նախընտրած ուղուց։ Բայց մյուս կողմից էլ հայտնի է, որ վերջերս ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում նոր ճակատ է բացվել շնորհիվ ԱՄՆ կոնգրեսի այն հայտարարության, որ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում մերձավոր հարեւանների (նկատի ունեն հետխորհրդային երկրների) նկատմամբ՝ ազդելով նրանց արտաքին քաղաքական որոշումների վրա։ Այսինքն՝ այնպես չէ, որ Հայաստանը միակ երկիրն է, որի ինքնիշխան որոշում կայացնելու կարողությունը հետաքրքրում է ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ն այդ ո՞ր հետխորհրդային երկրին գործիքներ չի տվել, որ տվյալ երկիրը կարողանա ինքնուրույն, Ռուսաստանից անկախ որոշումներ կայացնել։ Իսկ Միլսը հենց Ռուսաստանը նկատի ունի, երբ ասում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է վստահ լինել, որ Հայաստանն իր ուղու ընտրության հարցում մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի։

Իհարկե, հետխորհրդային տարածքի երկրներից յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի, որոնք հաճախ նույնը չեն մյուս բախտակիցների խնդիրների հետ։ Միլսը հրաշալի գիտի դա եւ, վստահաբար, հասկանում է, թե ինչի է դրդում Հայաստանին։ Ամերիկյան այս կարգի դրդումները, ինչպես նաեւ տված գործիքները հրաշալի աշխատեցին մերձբալթյան երկրների պարագայում։ Թե ինչի կարող է հանգեցնել Միլսի դրդումին ենթարկվելը եւ հընթացս ինքնուրույն որոշում կայացնելը, մանավանդ որ Միլսը չի խոսում հնարավոր հետեւանքների մասին, դժվար չէ ենթադրել։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031