Սատվինդեռ Սանթոք Սինգհին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով անձը հաստատող փաստաթղթեր եւ մտադրվելով մուտք գործել Հայաստանի Հանրապետություն՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատնից հայրենիք վերադառնալու համար համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով 2017թ. հունիսի 23-ին, ժամը 14.00-ից մինչեւ 14.40-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Դեբեդավան գյուղին հարակից՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի 1-ին սահմանապահ պարեկատան ուղեկալի պատասխանատվության հատվածով՝ առանց պատշաճ թույլտվության եւ առանց համապատասխան փաստաթղթերի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ ապօրինի մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից:
Սատվինդեռ Սանթոք Սինգհին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ըստ «Դատալեքս« դատական տեղեկատվական համակարգի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Սատվինդեռ Սանթոք Սինգհի դատավարությունը նշանակված է վաղը՝ օգոստոսի 29-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ