Տավուշի մարզի փրկարար ծառայության պետ, գնդապետ Արթուր Հովակիմյանը հեռախոսազանգով մեզ հայտնեց, որ այսօր մարզի փրկարարները ահազանգով մեկնել են Ոսկեպար եւ ձեռնամուխ եղել սահմանագոտում հրդեհի մարմանը:
Նա ասաց, որ երբ մենք լուսանկարել ենք Ոսկեպար-Բաղանիս հիմնական ավտոճանապարհին կից տարածվող հրդեհը, նույն ժամանակ հրշեջներն աշխատում, կրակը մարում էին Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհին հարակից տարածքում:
Նոյեմբերյան քաղաքից հրդեհի վայր է մեկնել հրշեջ մեկ հաշվարկ, եւս մեկն էլ ՝ Իջեւանից: Բացի այդ, Արթուր Հովակիմյանի գլխավորությամբ կրակի մարմանը ձեռնամուխ է եղել Տավուշի մարզի փրկարար վարչության օպերատիվ խումբը, գործի են դրվել շարժիչով աշխատող ձեռքի կրակմարիչներ:
Ա. Հովակիմյանը հայտնեց, որ ինքը նոր է վերադարձել Ոսկեպարից, հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի անտառներ եւ խմելու ջրի ջրահավաք ավազաններ, այնուհետեւ հրդեհը մարվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ