Երկու երկրների միջազգային ճանաչումը այսօր ոչ միայն հարկավոր է, այլ ուղղակի պահանջ է, հրամայական: Դա նաև Արցախում և Աբխազիայում տեղի ունեցող պետականաշինական գործընթացների տրամաբանական գնահատականն է: Այս մասին ասաց Արցախի հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը Աբխազիայի արտգործնախարար Դաուր Կովեի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո:
«Համոզված եմ, որ վաղ թե ուշ այդ գործընթացները ունենալու են իրենց տրամաբանական ավարտը և Արցախն ու Աբխազիան ճանաչվելու են միջազգային հանրության կողմից: Դա թույլ կտա ոչ միայն պետականության հետագա ամրապնդում ու զարգացում, այլև դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա՝ դառնալով յուրատեսակ ստաբիլացնող մի գործոն և թույլ կտա տարածաշրջանում խուսափել անցանկալի զարգացումներից»,- նշում է Կարեն Միրզոյանը:
Աբխազիայի արտգործնախարար Դաուր Կովեն իր հերթին մասնավորապես ասաց. «Ինչը վերաբերում է մեր երկրների անկախության ճանաչմանը, ապա ժամանակը ցույց է տվել, որ մեր երկրները կայացել են և շարունակում են ընթանալ զարգացման ուղիով: Այսօր Աբխազիան և Արցախը կարող են օրինակ դառնալ շատ պետությունների համար: Եթե խոսենք միջազգային հանրության մասին, ապա շատերը տեսնում են այն իրավիճակը, որը առկա է մեր երկրներում. արդեն կայացած հանրապետություններ, որտեղ առկա են այն ինստիտուտները, որոնք կան ճանաչված երկրներում: Իսկ ինչ վերաբերում է միջազգային ճանաչմանը, ապա դա այն հարցն է, որը մոտ ապագայում կստանա իր լուծումը»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ