Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա բավարար քայլ չէ եւ փաստաբաններին խուզարկելու խնդիրը չի լուծում». Դավիթ Գյուրջյան

Օգոստոս 28,2017 22:20

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրերս ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն  տարածեց առ այն, որ մինչև հատուկ սքանավորող սարքավորումներ ձեռք բերելը՝ վարչական կամ քաղաքացիական գործերով դատարանների շենք մուտք գործելիս փաստաբանի կամ փաստաբանի իրերի զննություն չի իրականացվելու՝ բացառությամբ այն դեպքի, երբ անհրաժեշտ է ապահովել դատավարության մասնակիցների և ներկա այլ քաղաքացիների անվտանգությունը:

Փաստաբան Դավիթ Գյուրջյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատում է՝ սա չի վերաբերում, օրինակ, «Սասնա ծռերի» դատավարությանը, քանի որ քրեական գործի մասին է խոսքը, այլ ոչ թե վարչական կամ քաղաքացիական:

Գյուրջյանը, ով «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների պաշտպաններից է, դեպարտամենտի այս մոտեցումը չի համարում բավարար եւ ընդգծում է՝ այն խնդիր չի լուծելու: Հիշեցնենք՝ երկու ամսից ավելի է, ինչ «Սասնա ծռերի» գործով որոշ փաստաբաններ չեն մտնում դատարան՝ հայտարարելով, որ դատարանի կարգադրիչներն իրենց ոչ թե զննում են, այլ խուզարկում:

«Սա բավարար քայլ չէ: Իրադրությունը չի փոխվելու: Դատական օրենսգիրքը մեկն է եւ այն չի սահմանում խուզարկության, կամ, ինչպես իրենք են ասում, «զննության» նման ընթացակարգ՝ պայուսակ բացելու եւ դրանից իրեր հանելու պահանջ, եւ այլն»,-նշում է Դավիթ Գյուրջյանը:

«Քաղաքացիական եւ վարչական գործերով, որքան տեղյակ չեմ, խուզարկություններ չէին էլ կատարվում: Դժվար է սա դրական փոփոխություն համարել»,-հավելում է նա:

Հիշեցնենք, որ 130-ից ավելի փաստաբաններ իրենց եւ գործընկերներին խուզարկելու խնդրով պայմանավորված՝ գործադուլ են հայտարարել. սեպտեմբերի 13-ին չեն ներկայանալու դատական նիստերի, այդ թվում՝ «Սասնա ծռերի» գործով նիստին: «Ակնկալում ենք մեր բողոքի ձայնը տեղ հասցնել: Մեծ սպասելիքներ չունենք առ այն, թե արդյո՞ք խուզարկություններն առհասարակ, դադարեցվեն, մինչեւ գնվեն հատուկ սարքավորումները»,-կարծիք հայտնեց Դավիթ Գյուրջյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031