Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի բողոքի քննությունն էր: Արարատ Խանդոյանը, որը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 3,6 տարվա ազատազրկման, պահանջում է բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նշյալ վճիռը: Հիշեցնենք, որ Խանդոյանը մեղավոր է ճանաչվել ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Նա, ըստ մեղադրանքի, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:
Մինչեւ բողոքը ներկայացնելը, Խանդոյանի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը դատավորներից Սարգիս Չիչոյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Բողոքը լսում են երեք դատավորներ՝ Մհեր Արղամանյանը, Ռուբիկ Մխիթարյանը եւ Սարգիս Չիչոյանը: Խնդիրն այն է, որ դեռեւս հոկտեմբերին դատավոր Սարգիս Չիչոյանը, ինչպես փաստաբանն իր խոսքում նշեց, առանց իր եւ Խանդոյանի՝ որոշել է վերջինիս կալանքը երկարաձգել: «Դուք կանխակալ վերաբերմունք եք դրսեւորել Արարատ Խանդոյանի հանդեպ: Իսկ ինձ պատշաճ չեք ծանուցել»,-դիմելով դատավորին՝ ասաց Արա Ղարագյոզյանը:
Դատավորը, սակայն, չհամաձայնեց՝ ասելով, որ իր օգնականն է անձամբ զանգել Արա Ղարագյոզյանին եւ տեղեկացրել նիստի օրվա եւ ժամի մասին, սակայն վերջինս չի ներկայացել: Պաշտպանն էլ պնդեց, որ օրենքը նախատեսում է փոստային ծանուցում: Դատավորն էլ ասաց, որ երեք օրում փոստային ծանուցումը տեղ չի հասնում, ուստի նման կերպ են հարցը կարգավորում:
«Դուք սո՜ւտ եք խոսում: Այս դատարանին չեմ կարող վստահել, որովհետեւ կողմնակալ է»,-իր հերթին դատավորին ասաց Արարատ Խանդոյանը: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը որոշեց դատավոր Սարգիս Չիչոյանի դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել: Արարատ Խանդոյանը բարկացավ, ծափահարեց դատավորներին, ապա բղավեց. «Դատարանը միտումնավոր գնում է նրան, որ կատարի քրեաօլիգարխիկ իշխանությունների պատվերը»:
Դատավորներից Մհեր Արղամանյանն էլ իր հերթին ձայնը բարձրացրեց. «Մենք օրենքի պահանջն ենք կատարում»:
«Դուք շատ լավ գիտեք, թե ինչու եմ ես այստեղ, որովհետեւ ես Արայիկ Խանդոյանի եղբայրն եմ: Ձեզ աստված է դատելու, իսկ իմ խիղճը մաքուր է»-շարունակեց Արարատ Խանդոյանը: Այնուհետեւ նա ներկայացրեց դատախազ Հայկ Պետրոսյանի ինքնաբացարկի միջնորդություն, որը եւս մերժվեց: Բողոքը կներկայացվի հաջորդ նիստում՝ սեպտեմբերի 19-ին, 15:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ