Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի փողերի լվացման եւ Իգլայի գործով դատավարությունն էր:
Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Բաբայանի փաստաբան Արտաշես Քալաշյանը 3 միջնորդություն էր ներկայացրել՝ Սամվել Բաբայանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու, նրա գույքի վրայից արգելանքը հանելու եւ տեսակցություններ, հեռախոսային խոսակցություններ ունենալու սահմանափակումը վերացնելու մասին:
Դատավորը հրապարակեց իր որոշումը: Նա միայն բավարարեց տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը վերացնելու միջնորդությունը, մյուս երկուսը մերժեց:
Դատավորը հրապարակեց պատճառը, թե ինչու կալանքից չեն ազատում Սամվել Բաբայանին: Նա ասաց, որ դեռ գործով կան հանգամանքներ, որոնք դեռեւս չեն հետազոտվել. «Քրգործում առկա ապացույցները, այդ թվում՝ վկա Աշոտ Շուշանյանի ցուցմունքների հետազոտման արդյունքներով դատարանը փաստում է, որ դեռեւս պահպանվում է ամբաստանյալ Բաբայանի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու վտանգը»:
Վկա Շուշանյանը հայտնել է, որ Սամվել Բաբայանի աշխատասենյակում, երբ իրեն ներկայացրել են, որպես Սանասար Գաբրիելյանի ընկեր, Բաբայանը հարցրել է՝ մեքենայում ինչ-որ բան եղե՞լ է, ինքը բացասական պատասխան է տվել, Բաբայանը հետաքրքրվել է, թե ինչքը Վրաստան գնացել է, թե ոչ, կարծես թե տեղյակ էր, որ Սանասարը այնտեղից ինչ-որ զենք է բերել: Ինքը պատասխանել է, որ Վրաստան չի գնացել, հրթիռից էլ տեղյակ չէ: Բաբայանն ասել է, որ շտապ պետք է գնալ, Սանոյի ընկերներին եւ այդ հրթիռը կորցնել՝ վտանգից խուսափելու համար:
Դատավորը, սա մեջբերելով՝ ասաց, որ Սամվել Բաբայանը փորձել է այդպես գործում իրեղեն ապացույց ճանաչված առարկան կորցնել ու խոչընդոտել գործին: Ուստի հաշվի առնելով դա, Սամվել Բաբայանին մեղսագրվող արարքների քանակը, բնույթը եւ հանրային վտանգավորության աստիճանը, մեղսագրվում է հանցագործություն, որի համար ազատազրկում է նախատեսվում 2-6 տարի ժամկետով, դատարանը գտնում է, որ եթե Բաբայանը հայտնվի ազատության մեջ, կարող է ազդեցություն ունենալ նախաքննությամբ դեռեւս չհարցաքննված անձանց վրա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ