Օրեր առաջ ՔԿՀ-ից հոգեբուժարան տեղափոխված Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջ պաշտպան Նաիրա Պետրոսյանը Aravot.am-ին հայտնեց, որ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության արդյունքները դեռ պատրաստ չեն, իսկ իր պաշտպանյալը հոգեբուժարանում կմնա այնքան ժամանակ, մինչեւ այդ եզրակացությունները ստացվեն:
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ իր պաշտպանյալի՝ Ռուզաննա Մկրտչյանի ամուսնու եղբոր՝ Արամ Սիմոնյանի հայտարարությունը որքանով է համապատասխանում իրականությանը, արդյոք Սիմոնյանի ասածները հիմնավոր էին ու դրա վերաբերյալ կա՞ն ձեռք բերված ապացույցներ: Հիշեցնենք, որ մարզպետի սպանված խորհրդականի հարազատ եղբայրը Tert.am-ին` հայտնել էր, թե «Ռուզաննան չի սպանել իմ եղբորը: Հիմա իրենք ամեն ինչ անում են Ռուզաննայի վրա գործ տալու համար, բայց ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ աղջիկը իմ եղբորը չի սպանել, նա դրա հետ կապ չունի»: Արամ Սիմոնյանը նաեւ հայտնել էր, որ եղբոր գործով իր ձեռքի տակ ձայնագրություն կա, իսկ կատարվածը խմբակային սպանություն էր որակել:
Ի պատասխան մեր հարցմանը, Ռուզաննա Մկրտչյանի փաստաբանն ասաց. «Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ