Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2016 թվականի հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսայանի և Էդուարդ Զեյթունցյանի գործով դատական նիստը:
Գործով վկա, ոստիկան Հովհաննես Ալեքսանյանը պատմեց, որ հուլիսի 19-ին ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցին հարակից տարածքներում, Սարի թաղի բնակիչները, ըստ նրա, ոստիկաններից պահանջում էին բացել ճանապարհը. «Մարդիկ ասում էին, որ հիվանդներ կան, ճանապարհը երկարում է: Առաջին անգամ եմ լսում, որ գազի կամ հոսանքի հարց է եղել»:
Հարցին՝ տեսե՞լ է ամբաստանյալներին, վկան բացասական պատասխան տվեց, ասաց՝ չի տեսել, չի ճանաչում. «Դեպքը 10-15 րոպե է եղել, որից հետո ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ լսվեցին, պառկեցինք գետնին»:
Վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքները հակասում էին, այդ պատճառով դատարանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Ալեքսանյանը պնդում էր, որ ինքը ցուցմունք է տվել հուլիսի 19-ի երեկոյան: Մինչդեռ նախաքննական ցուցմունքների հրապարակումից պարզ դարձավ, որ նա իրականում նախաքննական ցուցմունքը տվել է հուլիսի 22-ին: Վկան դատարանում չկարողացավ բացատրել այս հակասությունը:
Գործով մեկ այլ վկա Էդգար Կարապետյանն էլ ամբաստանյալներից որեւէ մեկին չմտաբերեց, նրա նախաքննական ու դատաքննական ցուցմունքում էլ հակասություն կար, քանի որ նախաքննական ցուցմունքում հայտնել էր՝ Սարի թաղի բնակիչներ Տիգրան և Սարգիս Արաբաջյաններին տեսել է: Դատական նիստն այսօր ավարտվեց այս վկաների հարցաքննությամբ, հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի չորսին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ