Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Ժիրայր Սեֆիլյանի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի գործողությունները համարում է ապօրինի:
«Ժիրայր Սեֆիլյանը չի ուզում՝ այդ հանրային պաշտպանն իրեն ներկայացնի, այդ հանրային պաշտպանը ասում է՝ չէ, որ չէ, ես քեզ պետք է ներկայացնեմ: Ժիրայր Սեֆիլյանի խոսքն եմ կրկնում, կարող է այդ փաստաբանը լավ չի հասկացել, մի հատ էլ իր տան դիմացն եմ գնում՝ ասեմ, հնարավոր է՝ նրա տան աստիճանները բարձրանամ ու մի հատ էլ տան դիմաց պառկեմ, այ այդտեղ ցուցապաստառ պահեմ: Գուցե ինքը ընկալման խնդիր ունի, գնամ, որ հասկանա, Ժիրայրը չի ուզում՝ իրեն ներկայացնի: Ստացվում է՝ քաղաքացին չի ուզում, որ այդ պաշտպանը իրեն ներկայացնի, Արա Զոհրաբյանն էլ հայտարարում է, թե ճնշո՞ւմ է գործադրվում փաստաբանի գործունեության վրա, դա Արա Զոհրաբյանի մասնագիտական ունակությունների արտահայտությունն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին՝ անդրադառնալով Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե Գասպարին իր պիկետներով ճնշում է գործադրում փաստաբանի գործունեության վրա:
Վարդգես Գասպարին ասաց, որ դեռ մի անգամ է Մարինե Թովմասյանի տան դիմաց ակցիա անցկացրել, իսկ փաստաբանի արձագանքը եղել է ոստիկաններ հրավիրելը:
Մեր դիտարկմանը, թե Մարինե Թովմասյանը լրագրողներին ասել է, որ ինքը օրենքի պահանջով է դատարան գալիս ու եթե հրաժարվի դատարան գալուց, մեկ այլ հանրային պաշտպան կհրավիրեն, իր հրաժարվելով հարցի լուծում չի լինի, պարոն Գասպարին արձագանքեց. «Ինքն ի՞նչ գիտի, չէ՞ որ նախադեպը մինչեւ հիմա հակառակն է եղել, իրեն նախորդողներից ոչ մեկն էլ չի ստանձնել այդ ապօրինի գործողության պատասխանատվությունը, ինքն առաջինն է, որ այդ ապօրինի քայլին գնաց, ի՞նչ գիտի՝ մյուսներն ինչն կանեն: Այդ տեղեկատվությունն իրեն որտեղի՞ց:
Նա ի՞նչ կարգավիճակով է դատական նիստերի դահլիճում գտնվում, պաշտպանը այդ կարգավիճակը ձեռք է բերում ամբաստանյալի համաձայնությունից հետո, քանի դեռ ամբաստանյալի համաձայնությունը չկա, ինքը պաշտպան չէ: Այդ օրենքի սիրահար, օրենքի համար մեռած փաստաբանը գուցե ասի՞՝ ինչ կարգավիճակով է դատարան գալիս»:
Հիշեցնենք, որ Մարինե Թովմասյանն իր կարգավիճակի մասին հարցին՝ լրագրողներին ասել էր. «Ես շահ չեմ ներկայացնում, դատարանի որոշում կա, որով պարտավոր եմ ներկա գտնվել նիստերին, ես ներկա եմ գտնվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ