Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը. նախագահը պատասխանել է բազեականների հարցերին

Օգոստոս 28,2017 17:53

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, այս մասին երկրի ղեկավարն ասել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակիցների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով բազեականների հարցերին, տեղեկացնում է ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալությունը:

Նախագահն անդրադարձել է նաև պաշտոնը թողնող ԵԱԿՀ ամերիկացի համանախագահող Ռիչարդ Հոգլանդի օրերս արած հայտարարության և Սոչիում կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների վերաբերյալ վերլուծություններին, որոնցով Հոգլանդի հայտարարության ժամկետը պատահական չէր համարվում:

ՀՀ Նախագահը նշել է, որ Վլադմիր Պուտինի հետ տարին մի քանի անգամ ավելի ազատ ռեժիմով հանդիպումների ավանդույթ է ձևավորվել, և այդ հանդիպումների ընթացքում քննարկվում է հայ- ռուսական հարաբերությունների բազմաբովանդակ օրակարգը։ Սոչիի հանդիպումը դրանցից մեկն էր: Հանրապետության նախագահից ճամբարականները հետաքրքրվել են, թե որքանով են ճիշտ այն խոսակցությունները, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը:

«Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում և ասել եմ իմ պատկերացումը մեր հարևանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որևէ այդպիսի հարց չենք քննարկել», – «Ամենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նախագահ Սարգսյանը։

Սարգսյան-Պուտին հանդիպման հետ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության կապի մասին հարցին՝ նախագահը պատասխանել է, որ այդ երկու իրադարձությունների միջև կապը քիչ հավանական է համարում, մանավանդ, որ Մինսկի խմբի ամերիկացի նախորդ համանախագահողն էլ պաշտոնաթողությունից հետո նույնպես ավելի ազատ կարգավիճակով էր կարծիք հայտնել բանակցությունների վերաբերյալ:

«Հոգլանդը թողնում է իր աշխատանքը և մի օր իր եզրակացությունը շատ ավելի ազատ կարգավիճակով պետք է հայտներ, որովհետև մի բան է լինել գործող համանախագահ, մեկ այլ բան է, երբ պաշտոնաթող է: Եթե հիշում եք՝ նախորդն էլ էր այդպես: Ընդհանրապես, այդպիսի ավանդույթ է ձևավորվել, որովհետև այդ դեպքում նրա խոսքերը չեն պարտավորեցնում՝ վաղը, մյուս օրը նա բանակցությունների չի մասնակցելու, որպեսզի կողմերից մեկը նրա խոսքերին հղում չանի, չասի՝ դու այսպես ասացիր: Ինչ վերաբերում է Հոգլանդի ասածներին, ապա ինձ համար, իհարկե, բացարձակապես նորություն չէ: Բայց շատ-շատերի համար, կարծում եմ, ապացույց է այն բանի, որ նախկինում սխալ էին մեկնաբանում մեր դիրքորոշումն ու մեր հանդիպումները: Այս մասին բազմիցս խոսել են համանախագահ երկրների ղեկավարները և, ընդհանուր առմամբ, այդ դրույթներն առաջ են քաշվել արդեն 10 տարուց ավելի է: Դա ընդամենը ընդհանրական մոտեցում է: Որպեսզի այդ դրույթներն իրագործվեն, օրերով, շաբաթներով, ամիսներով պետք է փաստաթղթավորել, որովհետև յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ստորակետ այդ փաստաթղթում շատ մեծ նշանակություն ունի», – ասել է Հանրապետության նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031