Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վեճ` սպանված կուրսանտի եւ ամբաստանյալի հարազատների միջեւ

Օգոստոս 28,2017 17:41

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործը: Այսօր հարցաքննվում էր ինստիտուտի նախկին կուրսանտ Հովիկ Հովհաննիսյանը:

Նիստի ընդմիջման ժամանակ ամբաստանյալներից Նորիկ Սահակյանի մոր հետ ընդհարում է տեղի ունեցել: Արդեն նիստի ժամանակ, սպանված կուրսանտի հայրը`Արկադի Բարսեղյանը դատարանին պարզաբանեց, որ Նորիկ Սահակյանի մայրը վկա Հովիկ Հովհաննիսյանի վրա ճնշում է գործադրել. ինքն էլ փորձել է միջամտել եւ ընդհարում է տեղի ունեցել նրանց միջեւ: «Ասի` ամուսնուդ ես ուղարկում նրանց տուն, որ նախաքննական ցուցմունքը հետ վերցնի, հիմա էլ ճնշում ես գործադրում նրա վրա, հայհոյեց ինձ՝ կին լինելով, մի երկու հատ էլ թքել եմ վրեն»,- մանրամասնեց նա:

Դատարանը վկայից հետաքրքրվեց` որեւէ մեկն իր վրա ճնշում է գործադրե՞լ: «Մայրը մոտեցավ, ոստիկաններն ինձ հեռացրին, չհասցրեց որեւէ բան ասել»,- պատասխանեց գործով վկա Հովիկ Հովհաննիսյանը: Դատարանը կողմերին հորդորեց` դատական նիստերի դահլիճից դուրս իրենց զուսպ պահել եւ միջադեպեր չհրահրել, այլապես պատասխանատվության կենթարկվեն:

Գործով մյուս վկաները այսօրվա նիստին չէին ներկայացել: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից գրություն էր ուղարկվել դատարան այն մասին, որ վկաները արձակուրդի մեջ են գտնվում:

Ի դեպ, այս գործով այսօր նոր դատախազ ներգրավվեց` Վիգեն Հարությունյանը:

Հիշեցնենք, Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031