Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «Շիրակի» դարպասապահը հրաժարվել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում

Օգոստոս 28,2017 17:33

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մամլո հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր է ստացել նաև «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել նախապատրաստական հավաքին և հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Հավաքականի մարզչական շտաբը շտապ կերպով հավաքական է հրավիրել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին:

Թե ինչո՞ւ է 21-ամյա հաջողակ դարպասապահը հրաժարվել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում, պարզաբանումներ ստանալու նպատակով Aravot.am-ը դիմեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադևոսյանին, սակայն նա պատասխանեց, որ դա Անատոլի Այվազովի անձնական որոշումն է, և ակումբը իրավունք չի վերապահում նրա փոխարեն մեկնաբանել։

Ակումբից նաև տեղեկացրեցին, որ շաբաթ օրվա խաղից հետո մարզիչը մի քանի օրով հանգիստ է տվել. Անատոլի Այվազովն այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքում, որտեղ ծնվել ու մեծացել է ֆուտբոլիստը։ Ռուսական ֆուտբոլի սանը 1,5 տարի է, ինչ հանդես է գալիս «Շիրակ» ֆուտբոլային ակումբում, իսկ մինչ այդ խաղում էր «Փյունիկում»․ նրան 18 տարեկանում հրավիրել էին Հայաստան։

Ինչևէ, նախքան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրություն տարածելը, դարպասապահը ինքն է հայտարարել, որ չի մասնակցելու ազգային ընտրանու առաջիկա հավաքին։ Նա հարցազրույց էր տվել football365.am կայքին պարզաբանելով, որ թեև պատրաստ է ազգային հավաքականում հանդես գալու, սակայն գործերը Հայաստանում այնքան էլ լավ չեն ընթանում․ որպես ֆուտբոլիստ 1,5 տարի դոփում է տեղում, աճ չկա, իսկ դա վատ է իր տարիքի ֆուտբոլիստի համար։

Նա պարզաբանել է, որ ուզում է մինչև ձմեռ դադար վերցնել հավաքականում մրցելույթների հետ կապված, քանի որ ներկա պահին իր համար կարևոր է լուծել ակումբային կարիերայի հարցը. մտադիր է տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություն։

«Երկար ժամանակ խաղալով այստեղ՝ սկսվում է հետընթաց և այս վիճակում, կարծում եմ, պիտանի չեմ լինի հավաքականին հետագայում»,- ասել է ֆուտբոլիստը։ Նա մեկ անգամ ևս կրկնել է, որ ընդամենը դադար է վերցնում ու չի հրաժարվում հավաքականից:

«Շատ եմ հավատում, որ ինձ ամեն դեպքում կհասկանան: Իմ կողմից ցանկանում եմ ասել, որ պատրաստ եմ ամեն ինչս նվիրել հավաքականին և նրանց հետ միասին ներկայացնել մեր երկիրը և անել ամեն ինչ դրա համար, բայց այս պահին կա կյանք: Ինձնից լավ ոչ ոք ծանոթ չէ իմ կարգավիճակին ներսից: Կայացրել եմ որոշում՝ ի շահ ինձ ու հավաքականի, քանի որ միանալով հավաքականին ավելի հեղինակավոր առաջնությունից, հեղինակավոր ակումբից՝ մենք բոլորս կլինենք ուժեղ»,- ասել է դարպասապահը՝ խնդրելով հասկանալ իրեն ու չդատել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031