Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սպիտակի վերելակի գործարանը մաս-մաս վաճառում են (Տեսանյութ)

Օգոստոս 28,2017 15:45

Սպիտակի վերելակաշինության գործարանը մաս-մաս քանդում են, ինչն էլ առաջացրել է սպիտակցիների զայրույթը: Նրանց խոսքով, Սպիտակում, որտեղ առանց այն էլ աշխատատեղեր չկան, այդպիսի գործարանի ապամոնտաժումն անթույլատրելի է: Այսօր «Նոյյան տապան»-ի մամուլի սրահում մի խումբ հասարակական գործիչներ վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ արեցին միջամտել եւ թույլ չտալ, որ պատրաստի գործարանը քանդեն:

Սպիտակի Վերալակի գործարանի հիմնադիր Նորիկ Մուրադյանի խոսքով, գործարանը կառուցվել է անմիջապես երկրաշարժից հետո, 9 բալանոց սեյսմակայունությամբ, եւ նպատակ են ունեցել երկրաշարժից հետո աշխատատեղ ստեղծել, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան, աղետի գոտին արագ վերականգնվի: Ըստ Նորիկ Մուրադյանի՝ 90-ականներին այդ գործարանի տանիքը կառուցելու համար նույնիսկ միջազգային բանկից հազարավոր դոլարների վարկ են վերցրել, սակայն չնչին գներով սեփականաշնորհել: Սեփականատերը, որն, ըստ պարոն Մուրադյանի, Քաջարանի կոմբինատի սեփականատերն է, հրաժարվում է որպես վերելակաշինության գործարան այն շահագործել եւ այժմ մաս-մաս ապամոնտաժում է. «Այդ գործարանը սպիտակցիներին է պատկանում, եթե չեն շահագործում, թող վաճառեն, մենք կգնենք»:

Aravot.am-ի հարցին, թե գործարանի արտադրած վերելակների պահանջարկն այսօր կա՞, պարոն Մուրադյանը պատասխանեց. «Մինչեւ վերջերս վերելակների ամերիկյան Օտիս ֆիրման էր մեզ հետ աշխատում: Բայց պարտադիր չէ, որ մեխանիկական գործարանը միայն լիֆտ արտադրի: Մենք առաջին հերթին այնտեղ պատրաստ ենք արեւային պանելների տեխնոլոգիա ներդնել»:

Մանրամասները` տեսանյութում

«Հայաստանում, հատկապես աղետի գոտում, չի կարելի քանդել, կառուցել է պետք»,-ասաց «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը: Նրա խոսքով, գործարանի սեփականատիրոջն առաջարկել է տեղում արեւային սարքերի բազային գործարան հիմնել, սակայն վերջինս հրաժարվել է, ասելով, որ վաճառում է: Պարոն Համազասպյանը վերելակաշինության գործարանի համար անգամ գնորդ է գտել, սեփականատիրոջ հետ գին պայմանավորվել, բայց երբ եկել է գնելու պահը, սեփականատերը 3-4 անգամ գինը բարձրացրել է:
«Մոռացված ժողովուրդ» խորհրդի նախագահ Համլետ Դիլբարյանի խոսքով, երկրաշարժից հետո 12 «գիգանտ» գործարան է կառուցվել, սակայն բոլորն էլ քանդել` տարել են. «Թող միանգամից մեր տապանաքարերն էլ քանդեն՝ ծախեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031