Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ մի փոփոխություն չի նախանշում: «Շփման գծում բռնության մակարդակը պահպանվում է: Իրավիճակը նույնն է լինելու նաեւ առաջիկայում»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Իսկանդարյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունում ոչ մի նորություն չի տեսնում. «Անհատը, որը հեռանում է համանախագահի պաշտոնից, կրկնեց «Մադրիդյան սկզբունքները»: Հասկացրեց, որ սեղանին շարունակում են մնալ «Մադրիդյան սկզբունքները», իսկ ինչ որ մեկը կասկածո՞ւմ էր»:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբում ԱՄՆ-ի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին, Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ նա փորձառու է, սակայն անձի փոփոխությամբ պետք չէ սպասել մեծ տեղաշարժերի:
Քաղաքագետը մեկնաբանեց նաեւ այսօր մամուլում տարածված լուրն այն մասին, որ առաջիկայում հանդիպելու են ՀՀ եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները. «Դա չի կարող խիստ ազդել հակամարտության վրա, հակամարտությունը քաղաքական է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ