Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մոռացաք ասել՝ ցած է ընկնում երեք խնձոր, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ հորինողին». «Իգլայի» գործով ամբաստանյալ (Տեսանյութ)

Օգոստոս 28,2017 13:38

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի «Իգլայի» եւ փողերի լվացման գործով դատավարությունն էր:

Հրապարակվեցին մեղադրանքի որոշումները:

Գործով ամբաստանյալներից մի մասը որեւէ դիրքորոշում չհայտնեց՝ իրենց մեղավոր ճանաչում են, թե ոչ: Ժորա Զաքարյանն ասաց, որ մեղավոր է իրեն ճանաչում մասնակի: Թե որ հարցում է մեղավոր ճանաչում, որ հարցով ոչ՝ նա չպարզաբանեց, միայն հայտարարեց. «Դե որ մտանք էդ գործի մեջ, էլի, պիտի չմտնեինք»:

Երբ մեղադրող դատախազը կարդում էր մեղադրանքը, թե ինչպես են Սամվել Բաբայանի պատվերով ապօրինի ճանապարհով ձեռք բերված փողերը տարել, քիմիական ճանապարհով լվացել, ինչպես են «Իգլայի» խողովակ բերել, թաղել հողի մեջ, նկարել եւ այլն, Սամվել Բաբայանն ու Սանասար Գաբրիելյանը ժպտում էին ու քմծիծաղ տալիս:

Սանասար Գաբրիելյանը դատավորի հարցին՝ մեղադրանքը հասկանալի՞ է, առաջադրված մեղադրանքում դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ՝ պատասխանեց՝ «Հասկանալի չի մեղադրանքը»: Դատավորը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է ռազմանյութեր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն՝ Սանասար Գաբրիելյանն արձագանքեց. «Բայց մեղադրողն ավարտե՞ց իրա խոսքը, ավարտե՞ց, ըտեղ էլի բան կա մեղադրանքի մեջ, մոռացավ: Ցած է ընկնում երեք խնձոր, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ հորինողին»:

Նա ասաց, որ իրեն երբեք մեղավոր չի ճանաչի առաջադրված մեղադրանքներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031